Բժիշկ Լեոնիդ Ռոգոզովը ծառայել է բանակում, ավարտել է Լենինգրադի բժշկական ինստիտուտը, ապա 1960-ին գնացել է Անտարկտիդա՝ որպես 6-րդ խորհրդային անտարկտիկական արշավախմբի բժիշկ :

Հենց այնտեղ՝ Անտարկտիկայում կես տարի անց մի իրադարձություն տեղի ունեցով, որը Ռոգոզովի անունը թնդեցրեց ողջ աշխարհում. այս բժիշկն ինքնուրույն հեռացրեց սեփական կույրաղիքը :

Հանկարծահաս նոպա

1961 թ. փետրվարի 18-ին Շիրմախերա օազիսում բացվեց նոր խորհրդային-անտարկտիկական կայան, որը կոչվեց Նովոլազարևսկայա : Ձմեռային առաջին արշավախմբի կազմում էր նաև բժիշկ Լեոնիդ Ռոգոզովը :

Սակայն 1961 թ. ապրիլին նա ծանր հիվանդացավ : Սկզբում թուլություն և հոգնածություն էր զգում, ապա՝ սուր ու կտրուկ ցավեր փորի աջ հատվածում :

«Քանի որ նա վիրաբույժ էր, նրա համար մեծ դժվարություն չէր կույրաղիքի նոպա ախտորոշելն ինքն իր մոտ», - պատմում է նրա որդին՝ Վլադիսլավը, - «Դա վիրահատություն էր, որը նա մինչ այդ բազմաթիվ անգամներ կատարել էր : Կույրաղիքի վիրահատությունը ողջ աշխարհում ընդունված միջամտություն էր : Սակայն նա գտնվում էր քաղաքակրթությունից ու հասարակությունից հեռու՝ բևեռային անապատում» :

Ապրիլիի վերջին ակնհայտ դարձավ, որ ոչ մի տեղից օգնություն չի գալու : ԽՍՀՄ-ից Անտարկտիկա հասնել հնարավոր էր 36 օրում, իսկ թռիչք իրականացնել հնարավոր չէր՝ ուժեղ քամիների պատճառով :

«Նա կյանքի ու մահվան միջև էր գտնվում, ոչ մի տեղից օգնություն ստանալ չէր կարող : Նա որոշեց փորձել վիրահատել ինքն իրեն», - ասում է Վլադիսլավը :

Նման որոշում կատարելը հեշտ չէր : Ռոգոզովը գիտեր, որ վիրահատության ընթացքում կույրաղիքը կարող էր պայթել, իսկ պերիտոնիտը կսպաներ նրան : Սակայն վիճակը վատանում էր, ցավերն ուժգնանում էին :

«Նա պետք է բացեր իր որովայնի խոռոչը, ապա դուրս բերեր աղիքները : Նա չգիտեր՝ կարելի՞ է այդպես վարվել», - նշում է Վլադիսլավը :

Բևեռային կայանի ղեկավարությունը Մոսկվայից այս վիրահատության համար թույլտվություն պետք է ստանար. եթե Ռոգոզովի փորձը հաջող ավարտ չուենար, խորհրդային-անտարկտիկական ծրագիրը տխրահռչակ համբավ ձեռք կբերեր :

Յուրօրինակ վիրահատություն

Ռոգոզովը որոշում կայացրեց. ավելի լավ է վիրահատել, քան սպասել սեփական մահին :

«Ես վերջին գիշերը չկարողացա քնել : Սարսափելի ցավեր ունեի : Ես չէի կարող թափ տալ ձեռքերս և հանձնվել», - իր օրագրում գրել է Ռոգոզովը :

Բժիշկը մանրամասնորեն պլանավորել էր վիրահատություն : Երկու օգնական՝ նրա գործընկերները, պետք է անհրաժեշտ գործիքները փոխանցեին, լուսավորությունն ապահովեին ու հայելին պահեին :

«Նա չափազանց մանրամասնորեն ամեն ինչ մտածել էր, անգամ հրահանգել էր, թե ինչ պետք է անել, եթե կորցնի գիտակցությունը՝ ինչպես ադրենալին ներարկել և արհեստական շնչառություն տալ», - պատմում է Լեոնիդի որդին :

Ընդհանուր անզգայացման մասին, բնականաբար, խոսք գնալ չէր կարող : Բժիշկ Ռոգոզովը կարող էր տեղային անզգայացում ստանալ, որպեսզի որովայնի խոռոչը կարողանա պատռել, սակայն վիրահատության շարունակությունը պետք է առանց անզգայացման իրականանար, որպեսզի վիրաբույժի գլուխը կանգուն մնար :

«Խեղճ իմ օգնականներ : Վերջին րոպեին ես նայեցի նրանց. նրանք կանգնած էին սպիտակ խալաթներով և սպիտակ դեմքերով : Ես ևս վախեցած էի : Սակայն վերցրի նովոկայինով ասեղը և առաջին ներարկումն արեցի : Ինչ-որ կերպ ես մեխանիկորեն մտա վիրահատության մեջ և այդ պահից ի վեր ոչինչ չէի նկատում», - գրել է Լեոնիդ Ռոգոզովը :

Ռոգոզովն աշխատում էր առանց ձեռնոցների : Հասնելով կույրաղիքին՝ նա հասկացավ, որ այն յուրաքանչյուր պահի կարող է պայթել :

Վիրահատությունը տևեց մոտ 2 ժամ՝ 1961 թ. ապրիլի 30-ի գիշեր լույս մայիսի 1-ին : Ռոգոզովը վերականգնվեց երկու շաբաթ անց :

Ռոգոզովն ու Գագարինը

Այս պատմությունը սրանով չավարտվեց : Կայանում գնալով վատանում էր եղանակը, ծովում սառույցի հսկայական քանակությունը նշանակում էր, որ այն նավը, որը պետք է 1962 թ. ապրիլին գար արշավախմբի անդամների հետևից, չի կարողանա նրանց հասնե, և նրանք պարտավոր կլինեն ևս մի տարի անցկացնել կայանում :

Սակայն բարեբախտաբար օգնության հասան օդանավերը : «Անդամներին տարհանեցին միաշարժիչ ինքնաթիռներով : Դրանցից մեկն ընկավ ծովը», - պատմում է Վլադիսլավը :

Նրա հայրը՝ Լեոնիդ Ռոգոզովը, Խորհրդային Միություն վերադարձավ որպես Հերոս, և նրա անունը հայտնի դարձավ ողջ աշխարհում :

Այդ հանճարեղ վիրահատությունից 18 օր անց առաջին անգամ տիեզերքում հայտնվեց մարդ արարած՝ խորհրդային տիեզերագնաց-օդաչու Յուրի Գագարինը :

«Նրանց համեմատում էին, քանի որ երկուսն էլ 27 տարեկան էին, երկուսն էլ աշխատավորների ընտանիքից էին և երկուսն էլ ինչ-որ բան էին արել, որն առաջինն էր մարդկության պատմության մեջ», - ասում է Լեոնիդ Ռոգոզովի որդին :

1961 թ. վիրաբույժ Ռոգոզովը պարգևատրվեց Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով :

Լեոնիդ Ռոգոզովի վիրահատությունը ոգեշնչել էր անգամ Վլադիմիր Վիսոցկուն, ով 1963 թ. երգ գրեց, որում հետևյալ տողերն էին.

Пока вы здесь в ванночке с кафелем

Моетесь, нежитесь, греетесь, -

Он в холоде сам себе скальпелем

Там вырезает аппендикс.

Բժիշկն այլևս երբեք չհայտնվեց հյուսիսում : Նա ասպիրանտուրա ընդունվեց, գիտական թեզ պաշտպանեց, որպես վիրաբույժ աշխատեց Լենինգրադի տարբեր կլինիկաներում : Լեոնիդ Ռոգոզովը մահացավ 2000 թ. :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել