Արդեն ավելի քան 144 հազար մարդ է մասնակցել առցանց ստորագրահավաքին՝ ի պաշտպանություն շան, որն ավելի վաղ ամերիկյան Յուտա նահանգում կծել և պոկել է չորսամյա տղայի ձեռքը։ Երեխան երկու շուն է տեսել, որոնք զբոսնելիս են եղել հարևանի բակում։ Ցանկանալով խաղալ նրանց հետ՝ նա ձեռքի վրա գուլպա է քաշել և ձեռքն անցկացրել ցանկապատի տակով, որը բաժանում է իրենց և հարևանի բակերը։ Շներից մեկը՝ Բեար մականունով հասկին, բռնել է այն՝ կարծելով, որ խաղալիք է բռնում, բզկտել, պոկել ու կուլ է տվել։

Տեղի իշխանություններն այժմ որոշում են շան ճակատագիրը․ նրան կարող են քնեցնել։

Երեխան այժմ հավերժ հաշմանդամ կմնա, սակայն շատերը համարում են, որ շունը դրանում մեղավոր չէ։ Կենդանիների սիրահար Ջեսիկա Նուսզը, ով ընկերություն է անում շան տիրոջ հետ, ստորագրահավաք է կազմակերպել GoFundMe կայքում։ Ջեսիկան նաև հավաքել է 400 դոլարը, որն անհրաժեշտ է կենդանիների վերահսկման կենտրոնից շանն ազատելու համար։

Նշվում է, որ Նուսզը նաև գումար է հավաքում տուժած երեխայի ընտանիքի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել