Ավստրիան աճուրդում 188 միլիոն եվրոյով վաճառել է 5-րդ սերնդի 5G բջջային կապի առաջին հաճախականությունը՝ դառնալով Եվրոպայում նոր հեռահաղորդակցության ստանդարտի ներդրման առաջատարը: Այս մասին հաղորդել է Ավստրիայի ռադիոհեռարձակման և հեռահաղորդակցության կարգավորման ծառայությունը (RTR):

Առաջին հաճախականությունների գնորդներ են դարձել Ավստրիայի խոշորագույն A1 Telekom Austria, T-Mobile և Drei բջջային օպերատորները, ինչպես նաև չորս տարածաշրջանային ինտերնետ-ընկերություններ:

5G հաճախականության վաճառքը ավստրիական RTR-ին ավելի ցածր եկամուտ է բերել, քան 2013-ին 4G ստանդարտի (LTE տեխնոլոգիա) համար կապի հաճախականությունների վաճառքը: Այդ ժամանակ բջջային օպերատորները մոտ 2 միլիարդ եվրո են ծախսել նոր հաճախականությունների ձեռքբերման համար: Ցածր եկամտի պատճառն այն է, որ նոր 5G հաճախականությունները այնքան էլ գրավիչ չեն բջջային օպերատորների համար՝ ելնելով դրանց տեխնիկական բնութագրերից: Նոր ստանդարտին անցումը թանկ կարժենա բջջային օպերատորներին, քանի որ դրա համար անհրաժեշտ կլինի տվյալների մեծ ծավալով ենթակառուցվածք ստեղծել:

Ինչպես նշվել է RTR-ում, բջջային օպերատորները 5G հաճախականությունների դեֆիցիտ չեն ունենա: Բացի այդ՝ հինգերորդ սերնդի բջջային կապը պակաս էներգածախսատար կլինի, հետևաբար օպերատորներն էներգիա խնայելու հնարավորություն կունենան: Հինգերորդ սերնդի ցանցի հիմնական առանձնահատկություններից է, որ այն 10 անգամ կարագացնի ինտերնետ մուտքի արագությունը և միլիարդավոր սարքեր, այսպես կոչված, «կոլեկտիվ հաղորդակցման» հնարավորություն կստանան, այսինքն՝ 5G-ն կմիավորի մեկ ցանցում ինքնակառավարվող մեքենաները, բնակարանային-կոմունալ հատվածի սարքավորումները և այլ գաջեթներ: 4G ստանդարտը նման լուծումների համար այլևս հարմար չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել