Shamshyan.com-ը գրում է․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 8-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը և Հյաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 22-ամյա Ռաջան Կաժիմիրովն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ծառայում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում, իսկ ոստիկաններն ու քննիչներն էլ արդեն ունեն օպերատիվ տեղեկություններ, թե որտեղ է տեղի ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք-դանակահարությունը։

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել