Աշխարհում սնկի տարբեր տեսակներ կան։ Բոլորը հետաքրքիր են և զարմանալի։ Սակայն նրանց մեջ կա մեկը, որը կարողանում է սուլել։ Նրա սուլոցը կարող է լսել նաև մարդը։ Այս հրաշք սունկն անվանում են «սատանայի սիգար»։

Սնկի երկրորդ անվանումը տեխասյան աստղ է։ Այս անվանումից պարզ է դառնում նաև նրա աճելու վայրը՝ Տեխաս նահանգը։ Այս սնկի աճելու երկրորդ տարածաշրջանը ճապոնական Հոնսյու և Կյունսյու կղզիներն են։ Միայն այս երկու վայրերում կարելի է հանդիպել այս սնկի տեսակին։ Ճապոնացիներն այն անվանում են «կիրինոմիտակի»։ Սովորաբար այն հանդիպում է ծառի հին բներում կամ մեծ ծառերի մահացած արմատների վրա։

Սիգարի հետ կապված անվանումը սունկը ստացել է նրա հետ նմանություններ ունենալու պատճառով։ Աճի ժամանակ այն երկար օվալաձև տեսք ունի։ Հասունանալուց հետո բույսը բացվում է և սպորների ամպ արտազատում։ Սնկի բացվելու ընթացքն ուղեկցվում է թույլ սուլոցով։ Նրա արտաքին տեսքը փոխվում է, և այն նմանվում է ծաղիկի։

Զարմացնում է սնկի «կապվածությունը» Տեխասի և ճապոնական կղզիների հետ։ Նման կլիմայական պայմաններ կան նաև երկրագնդի այլ վայրերում, սակայն մնացած վայրերում սունկը չի աճում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել