Yerkir.am-ը գրում է.

Ադրբեջանը տարեցտարի փորձում է ստեր հորինել, թե որքան վնաս է կրել արցախյան պատերազմի արդյունքում: «Այս տարվա հաշվարկով` այդ վնասը հասցրել են 800 միլիարդ դոլարի»,- լրագրողներին հայտնեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ նշելով, որ հասկանալի չէ, թե ինչ հիմքով, ինչ մեխանիզմով  է այդ հաշվարկն արվում: 

Ըստ նրա` այնուամենայնիվ, Ադրբեջանի կողմից անընդհատ հնչող սպառնալիքները, թե կդիմեն միջազգային դատարաններ, քարոզչական շոուի բաղադրիչ է: «Հենց նույն Աղդամի դեպքերի մասով, որ նրանք անվանում են Խոջալու, արդեն մոտ 10 տարի է` լսում ենք, որ պատրաստվում են մեր դեմ դիմել միջազգային դատարան, սակայն երբ հայկական կողմը սկսում է հստակ հարցադրումներ անել՝ և՛ իրենց զոհերի  վերաբերյալ, և՛ գտնվելու վայրի ու խոշտանգումների, ադրբեջանական կողմը վեճը տանում է էմոցիոնալ դաշտ՝ դուրս գալով փաստագրական դաշտից: Խոջալուի գործով փաստարկված բազա նրանք չունեն, եթե ունենային, ապա վաղուց Հայաստանի դեմ հայցով գնացել էին միջազգային դատարան»,- շեշտեց ադրբեջանագետը:

Անդրադառնալով Կարեն  Ղազարյանի գործին և դրա շուրջ ստեղծված աղմուկին՝ Էլիբեգովան նշեց, որ ՀՀ քաղաքացին Ադրբեջանին պետք էր որպես խաղաքարտ՝ փոխանակելու համար ԼՂ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների հետ:  «Բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, և կարծում եմ՝ Ադրբեջանն առևանգման փորձեր է անելու: Մենք ունեցել ենք դեպքեր, երբ մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց Ադրբեջանն առևանգել է, իսկ հետո ներկայացրել որպես դիվերսանտ: Այդ պրակտիկան Ադրբեջանի իշխանությունները շարունակելու են այնքան՝ մինչև չհասնեն իրենց ուզածին: Ըստ այդմ՝ պետք է ուշադիր և աչալուրջ լինել, սահմանամերձ գոտու բնակիչներին հավելյալ պետք է ուղղորդել, բացատրել, որ անտառներում առավելագույնս զգույշ լինեն, քանի որ Ադրբեջանն ունի հստակ նպատակ՝ հայկական կողմի բնակիչներից տանել այնքան մարդ և նրանց որպես դիվերսանտ ներկայացնել` մինչև իր դիվերսանտների հետ փոխանակելու հարց առաջանա»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ պետք է անել ամեն ինչ՝ Կարեն Ղազարյանին ողջ և առողջ վերադարձնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել