«Վազգեն Սարգսյանի հանդեպ քաղաքական դաշտում առկա վերաբերմունքը ընդհանուր առմամբ դրական է: Բոլոր գործուն սուբյեկտները Վազգեն Սարգսյանին գոնե հրապարակավ հիշատակում են դրական երանգներով: Սա եզակի դեպք է, երբ քաղաքական դաշտն ունի կատարյալ միասնություն այս հարցում: Սակայն ինքնին երկու զուգահեռ միջոցառումների կազմը հուշում է, որ նման կատարյալ միասնություն չկա: Չկա նաև հակադրություն, գոնե ցցուն արտահայտվող հակադրություն չկա, սակայն կան երկու զուգահեռ իրականություններ: 

Մի կողմից՝ սա կարելի է մեկնաբանել որպես որոշակի անջրպետ Հայաստանի և Արցախի վերնախավերի միջև: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ որոշակի խնդիրներ ու թյուրըմբռնումներ վերնախավերում միմյանց հանդեպ կան: Մեկ այլ կողմից էլ նկատվում է, այսպես ասած, որոշակի ինքնավարություն, երբ երկու վերնախավերը անպայմանորեն շաղկապված չեն, ավելին, չկա այն հին ուղղահայացը, որտեղ վերևում Հայաստանն էր, ներքևում՝ Արցախը: 

Արցախում սպասվող նախագահական ընտրություններից առաջ այս զուգահեռ իրականությունների վիճակը բավական հետաքրքրական է: Մի կողմից պարզ է, որ Հայաստանը չի կարող բաց թողնել Արցախը ու երկու վերնախավերը միշտ էլ աշխատելու են միմյանց հետ: Մեկ այլ կողմից էլ Արցախն է հայտնվում երկակի վիճակում, որովհետև Երևանից ղեկավարման վահանակի չկիրարկման դեպքում ձեռք է բերում որոշակի ներքին ներքաղաքական ինքնուրույնություն, ինչն անսովոր է Արցախի համար: 

Նախագահական ընտրություններից առաջ հետաքրքիր է, թե ինչպես կտրանսֆորմացվի այդ ներքին ինքնուրույնությունը, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ որոշակի շրջանակներ Արցախը պլացդարմ են փորձում դարձնել Հայաստանում ընդդիմադիր պայքարի դիրքերն ամրապնդելու համար:

Արցախի և Հայաստանի վերնախավերն առայժմ կարողանում են խուսափել կոնկրետ էսկալացիայից, չնայած ակնհայտ է, որ հարթելու առիթներ շատ են լինում, մյուս կողմից էլ ուղղահայաց հարաբերություններին փոխարինելու եկած հորիզոնական հարաբերությունները չեն կարողանում ապահովել նույն ինտենսիվությունը:

Մեկ այլ դրվագ ևս կա, որ առավել կենցաղային բնույթ ունի, քան քաղաքական: Այս կամ այն միջոցառմանը ներկա գտնվելիս ներկաները առաջնորդվում են անձնական համակրանքով կամ հակակրանքով. կախված հրավիրվածների կազմից՝ որոշում են՝ լինե՞լ այդտեղ, թե ոչ: Արցախի հարցում, արցախյան ազատամարտին վերաբերող հարցերում այս կենցաղայնությունը ևս պետք է բացառել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել