«Հայաստանի դիրքորոշումն այս ամիսներին չի փոխվել, մենք ասել ենք, որ լինելու ենք իրավիճակին համարժեք և շարունակում ենք այդպես, երեկ խորհրդարանում հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի հարցում Երևանի դիրքորոշման կոշտացման մասին պատգամավորների հարցադրմանը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանն աշխատում է բանակցային՝ 1994 թվականի ձևաչափը վերականգնելու ուղղությամբ, և միայն այդ դեպքում է հնարավոր խոսել կարգավորման արդյունավետ գործընթացի հնարավորության մասին: Խոսքը եռակողմ՝ Հայաստան, Արցախ, Ադրբեջան բանակցային ձևաչափի մասին է, որն ամրագրված է 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի Վեհաժողովից: Նոր ձևաչափի մասին Փաշինյանը հայտարարել էր նաև Բրյուսելում, ինչը տվել էր որոշակի տարակույսների, կամ պարզապես նենգափոխումների առիթ, քանի որ ներկայացվել էր, թե խոսքը միջնորդական ձևաչափի մասին է:

Փաստացի, Հայաստանի խորհրդարանում Փաշինյանն ազդարարեց, որ խնդիրը բանակցային ձևաչափն է: Բաքուն հայտարարել է, թե չի լինի ձևաչափի փոփոխություն: Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հայտնել էր, որ Ալիևի հետ առաջիկա հանդիպմանը խոսելու են նաև այդ մասին: Փաստորեն ստացվում է, որ այդ մասին խոսելն անիմաստ է, եթե Բաքուն մերժում է որևէ այլ ձևաչափ: Փաշինյանի և Ալիևի հանդիպման համաձայնության մասին օրեր առաջ հայտարարել էին համանախագահները: Արդյո՞ք ձևաչափի շուրջ հրապարակային հայտարարությունները նշանակում են, որ հանդիպում կարող է և չլինել, կամ համանախագահներն ունեն նախապատրաստական աշխատանքը երկարացնելու անհրաժեշտություն:

Մյուս կողմից, Փաշինյանն ասել էր, որ «նաև» դա է լինելու քննարկման հարց: Իսկ ուրիշ է՞լ ինչ են քննարկելու Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը:

Իրանում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցության մասին խոսել հնարավոր կլինի միայն Արցախի լիարժեք կողմ դառնալու պարագայում: Ահա, այս իրավիճակում առավել ևս հարց է դառնում, թե ուրիշ ինչի մասին են խոսելու երկու առաջին դեմքերը, եթե, փաստորեն, ձևաչափի մասին խոսելուն Բաքուն պատրաստ չէ, իսկ բանակցություն լինել չի կարող, քանի դեռ չկա Արցախը՝ որպես ձևաչափի մասնակից: Մյուս կողմից, հարցադրումների առկայությամբ հանդերձ, բավականին նկատելի է, և շոշափելի ընդհանուր տրամաբանության երկու ասպեկտ: Մեկն այն, որ այս գործընթացը որոշակի փոխզիջում է Բաքվին՝ ընդ որում նաև միջնորդների մակարդակով, Ալիևի դեմքը ներքին կյանքում, հանրության առաջ փրկելու համար, և մյուսն այն, որ լայն իմաստով գործընթացը ներկայումս խաղ է ժամանակի վրա, և իրական հարցերը լուծվում են դրանից դուրս, այն տրամաբանության մեջ, թե կողմերից որն է առավել արդյունավետ օգտագործում այդ ժամանակը»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել