Որքանով հանրության ընդհանրական գիտակցությունը պարզունակ է, մշակույթը՝ մակերեսային, չափորոշիչները՝ մշուշոտ, այնքանով նրան կարելի է կառավարել ինֆորմացիոն ֆեյքերով, անիմաստ քննարկումներով, չհիմնավորված խոստումներով։

Դեգրադացված գիտակցությունը որոնում է մի որևէ հենման կետ, որևէ փրկչի կերպար, և որքանով փրկիչն էքսցենտրիկ ու հիստերիկ լինի, այնքանով նա համոզիչ ու տպավորիչ է, իսկ պարզունակ դատողությունները՝ խորիմաստ ու հեռանկարային։

Բարդ մտքերը, երկարատև լուծումները, աշխատանք պահանջող գործունեությունը նման զանգվածի համար անընդունելի են։ Փրկության բանաձևերը պետք է լինեն պարզ ու տեղավորվեն կարճ կարգախոսների մեջ և, ամենակարևորը, լինեն հասանելի ցանկացած շահառուին։ Փրկիչն ամենակարող է, որի տապալումից ու հոշոտվելուց հետո նոր փրկչի որոնումները՝ կանխատեսելի։

Դեգրադացված գիտակցության համար չհիմնավորված սպասումներին չհավատացողը դառնում է թշնամի, չուզող, իսկ չհիմնավորված սպասումների տապալումներից հետո որոնում է մեղավորին։

Չուզողը` կարծիք հայտնողը, կասկածի տակ է դնում եթերային դղյակի գոյությունը, երկնային մանանայի հնարավորությունը: Դա աններելի է, հոգեխանգարմունքի աղբյուր է և վերջապես` հերձվածք է:

Մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունն ընկնող զանգվածը պատրաստ չէ քննարկումների, փաստարկների ու հակափաստարկների, իսկ ստեղծագործական միտքը դավադրության աղբյուր է։

Մի խոսքով՝ ելքերն ու մուտքերը խառնվել են իրար, մնում է տեղում դոփել ու սպասել հանգուցալուծմանը, որից հետո պատրաստվել հաջորդ փրկչի գալստյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել