Hraparak.am-ը գրում է.

1. Ինչո՞վ է զբաղվել Աննա Հակոբյանը Բելգիայում։

2. Ինչո՞ւ է մեկնել Բրյուսել՝ ամուսնու պետական այցի ժամանակ, եւ տարել նաև դստերը։

3. Որքա՞ն գումար ենք վճարել մենք՝ ՀՀ հարկատուներս, Աննա Հակոբյանի և նրա դստեր բելգիական այցի համար։

4. Ճի՞շտ է արդյոք, որ այնտեղ նրան ուղեկցել են դիվանագետները՝ մարդիկ, որոնք մեծ չարչարանքով հասել են այդ կարգավիճակին, բայց այսօր ստիպված են Երեւանից ժամանած տիկնանց խանութ ու ռեստորան ուղեկցել։

5. Եվ վերջապես՝ պարտադի՞ր է արդյոք, որ Աննա Հակոբյանն ու նրա զավակները ընտանիքի հոր բոլոր պետական այցերի ժամանակ ուղեկցեն նրան։ 

Ահա այն հարցերը, որոնց շուրջ ակնկալում էինք լսել ՀՀ առաջին տիկնոջ մեկնաբանությունները, բայց, ցավոք, լսեցինք մի ոչ այնքան հաջողակ լրագրողի սիրողական հակադարձումը։ 

Լրագրող Աննան մի փոքրիկ պիես է գրել իր և լրագրողների չկայացած զրույցի մասին՝ հեգնելով թիրախի հետևից մայթով վազող, սենսացիայի կարոտ լրագրողներին, ներկայացնելով «սկանդալային լուր» հայթայթելու ճանապարհը, որն իրեն, փաստորեն, ժամանակին լավ հայտնի էր, բայց հիմա միայն ծաղր ու հեգնանք է նրա մոտ առաջացնում։ Ուզում ենք կարծել, որ հեգնանքն այս անկեղծ չէ, այլ պարզապես դիմակ է, որն օգնում է լրագրող Աննա Հակոբյանին՝ պահել դեմքը, դուրս գալ անհարմար վիճակից, խոսքի տակ չմնալ, ամուսնու սիրած բառով՝ «կռուտիտ լինել», բայց նաև բոլորին հետաքրքրող որևէ հարցի չպատասխանել։

Ասում եմ՝ «լրագրող Աննա», որովհետև առաջին տիկնոջ փոխարեն ունենք լրագրողական անցյալը չմոռացող մի կին, որը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, որ այլևս սոցիալական սանդուղքի ավելի բարձր աստիճանի վրա է, և նրա այդ նոր դիրքը նաև հանրության հետ շփումների ավելի բարձր մակարդակ ու հաշվետվողականություն է պարտադրում։ Մեծահոգություն, հարգանք, համեստություն, այլ ոչ թե մեծամտություն, հեգնանք ու անհամեստություն։ Այո, մենք մայթերով վազող լրագրողներ ենք, փողոցներում, պատերի տակ ժամեր անցկացնող, որպիսիք Ձեր թերթում ունենալու համար Դուք և Ձեր ամուսինը ուրախ եք եղել։ Հիմա ի՞նչ պատահեց Ձեզ, որ հեգնում եք մեզ՝ լրագրողներիս։ 

Աննա Հակոբյանը իրականում մտահոգվելու ավելի լուրջ պատճառ ունի, քան իր բելգիական շոպինգի ու ծախսերի բացահայտումն է։ Փաստորեն, նա Բրյուսելի փողոցում դստեր հետ զբոսնելիս հայկական 7 լրատվամիջոցների ներկայացուցիչների է հանդիպել, և այս 7 լրատվամիջոցների ներկայացուցիչներից և ոչ մեկը չի հանդգնել նրան հարցեր տալ՝ այն հարցերը, որոնք կհետաքրքրեին ՀՀ քաղաքացիներին։ Ոչ մեկը չի ասել․ «Բարև Ձեզ, տիկին Հակոբյան, Դուք այստե՞ղ եք։ Հիմա էլ՝ Բրյուսե՞լ։ Ի՞նչ եք անում, այս անգամ ի՞նչ հյուրանոցում եք մնում, որքա՞ն են այս անգամ վճարում Ձեր գիշերակացի համար, ինչո՞ւ ենք Ձեզ նոր տեսնում, ինչո՞ւ պաշտոնական հաղորդագրության եւ լուսանկարների մեջ չեք երեւացել»։ Սա նշանակում է, տիկին Հակոբյան, որ Դուք այլևս ավտորիտար երկրի առաջին տիկին եք, ինչի համար Ձեզ շնորհավորում ենք։ Եվ որպեսզի Դուք և Ձեր ամուսինը դեղին լրագրության մասին այլևս գեղարվեստական էսսեներ չգրեք՝ արատավորելով մեր մասնագիտությունը, վիրավորելով Ձեր նախկին կոլեգաներին, ներկայացնում ենք Ձեր Բրյուսել մեկնելու վերաբերյալ «Հրապարակի» աղբյուրից ստացած տեղեկատվության մի մասը՝ «սքրին շոթով»։ Ներկայացնում ենք, քանզի Դուք համոզված եք, որ մեր տեղեկատվության աղբյուրը Բրյուսելում գտնվող մեր գործընկերներն են, որոնք, հավանաբար, հաջորդ անգամ կզրկվեն պաշտոնական պատվիրակությունների հետ արտերկիր մեկնելու հնարավորությունից։

Այս տեղեկատվությունը մենք ստուգել ենք նաև այլ աղբյուրների օգնությամբ, որոնք կրկին Ձեզ հետ Բրյուսել մեկնած լրագրողները չեն, այնուհետև դիմելով պաշտոնական աղբյուրի՝ վարչապետի խոսնակին, քանի որ Ձեր խոսնակը չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին։ Ապա գրել ենք «Աննա Հակոբյանն ամուսնու հետ կրկին մեկնել է» վերտառությամբ լուրը, որը Ձեզ  այդքան զվարճացրել է։ Իսկ Ձեր ամուսնուն այն այնքան է հուզել, որ, թողնելով պետական գործերը, հազար ու մի լուրջ ու կարևոր հարցեր, որոնք իր ուսերին են, վազել է Ֆեյսբուք, կնոջ «ստատուսը» կախել իր էջին ու իր կողմից էլ երկրի վարչապետին սազական արտահայտություն արել․ «Արա, էս ի՞նչ էր։ Սրանք ընտանիքով կերան երկրի բյուջեն։ Ուտել-պրծնելու վրա են: Հասե՜ք, փրկեք...»։ Բյուջեն՝ չգիտենք, բայց որ մամուլի դեմ ձեր ընտանեկան վերաբերմունքն արդեն խախտում է խոսքի ազատության ժողովրդավարական սահմանները, դա փաստ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել