Armenpress.am-ը գրում է.

Ադրբեջանում ապօրինաբար 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին փոխանակելու առաջարկ հնչել է, սակայն փոխանակման համար Հայաստանում չկան նույն կարգավիճակում գտնվող Ադրբեջանի քաղաքացիներ: Այնուամենայնիվ Հայաստանի կառավարությունը օգտագործում է դիվանագիտական, քաղաքական բոլոր միջոցները՝ նրան վերադարձնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հարցին:

Արտակ Զեյնալյանը ուշադրություն հրավիրեց տերմինոլոգիայի վրա: «Կարեն Ղազարյանը ոչ թե գերեվարված է, այլ ձերբակալված: Շատ էական տարբերություն կա: ՀՀ կառավարությունն օգտագործում է բոլոր դիվանագիտական ու հումանիտար գործիքներն ու միջոցները, որպեսզի Կարեն Ղազարյանի կյանքը երաշխավորվի: Միևնույն ժամանակ, ամեն ինչ արվում է նրան Հայաստան վերադարձնելու համար: Նաև փոխանակման առաջարկ է եղել, բայց ՀՀ-ում չկան նույն կարգավիճակում գտնվող Ադրբեջանի քաղաքացիներ, որ Հայաստանն այդ փոխանակումն իրականացնի»,-ասաց Զեյնալյանը:

Նա շեշտեց` Ղազարյանն ապօրինաբար է գտնվում անազատության մեջ: Այն, ինչ վերագրվում է նրան, չի համապատասխանում իրականությանը: Նախարարը վստահեցրեց` ՀՀ կառավարությունն օգտագործում է դիվանագիտական, սոցիալական, հումանիտար, քաղաքական բոլոր միջոցները, որպեսզի  քաղաքացուն կարողանա վերադարձնել Հայաստան:

Նա նաև տեղեկացրեց, որ Կարեն Ղազարյանի ներկայացուցիչները Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ են ներկայացրել, պահանջել են հրատապ միջոց կիրառել: Հիմա այդ գանգատը քննվում է, և Հայաստանին անպայման կծանուցվի ու Հայաստանը կներգրավվի որպես երրորդ կողմ:

ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Դատական նիստը տեղի է ունեցել փետրվարի 27-ին: Ադրբեջանում ՀՀ քաղաքացու նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել այդ երկրի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝  սպանություն, ահաբեկչություն, հասարակական կարգի խախտում և այլն։ Չնայած Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, այդուհանդերձ Ադրբեջանում նա ներկայացվել է որպես դիվերսանտ:Դեպքի հետ կապված 2018թ. հուլիսին ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հանդիսանալով Գերիների պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ դիմել էր ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված էր Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ: Այն ժամանակ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ նշել էր, որ հայ-ադրբեջանական սահմանը հատած ու հակառակորդի մոտ հայտնված Կարեն Ղազարյանը, որևէ առնչություն չունի բանակի հետ և հոգեկան խնդիրներ ունի: 2018 թվականի հուլիսին ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին: ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է: «Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում»,-պարզաբանել էր նաև ոստիկանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել