Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կրկին փայլատակել է իր շատերից տարբերվող գրագիտությամբ և Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարց է ուղղել մի կին զինծառայողի վերաբերյալ, որը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, իսկ պաշտպանության նախարարի պատասխանը լսելուց հետո էլ պարոն Տոնոյանին հիշեցրել է, որ «կանայք երեխաներ ունենալու առանձնահատկություն ունեն»։

Վայ, ինչ լավ է, որ ԱԺ-ում կա տիկին Նազարյանը, ով իր կոլեգաներին մարդկանց ֆիզիոլոգիայից մանրամասներ է բացատրում և հիշեցնում, որ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, երեխա ունենալու առանձնահատկություն ունեն։ Ինչ լավ է, որ տիկին Նազարյանը դա ասաց, թե չէ այդ մասին ոչ ոք չգիտեր և չէր կռահում, հատկապես պաշտպանության նախարարը։ Տիկին Նազարյանի այս բացահայտումից կարող եմ ենթադրել, որ նա մինչև հիմա այդ մասին չգիտեր։ Ի՜նչ հայտնագործություն է արել ԱԺ փոխխոսնակը։ Կարո՞ղ է ազգովի սույն տիկնոջը ներկայացնենք Նոբելյան մրցանակի՝ դարակազմիկ բացահայտման համար։

Խորհուրդ կտամ տիկին Նազարյանին «Ո՞վ կարող է երեխա ունենալ՝ կի՞նը, թե՞ տղամարդը» հարցն ուղղել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի մասնակիցներին և հուսալ, որ ինտելեկտուալների թիմը սխալ կպատասխանի։ Իսկ եթե լուրջ՝ սա արդեն խեղկատակություն է։ Շատ տխուր է այս ԱԺ-ի պատկերը։ Ինչպես կասեր նախկին գումարման ԱԺ-ի «դասականներից» մեկը․ «Աղջիկ ջան, խոսել չգիտես, չխոսե՞լ էլ չգիտես»։ Ես խորհուրդ կտամ լսել դասականին և լռել։

Որքան կռահում եմ, նախկին մաեստրո Գալուստ Գրիգորիչի դափնիները հանգիստ չեն տալիս «մաեստրոուհի» Լենա Նազարյանը։ Այս տեմպերով եթե շարունակվի, նա շատ կարճ ժամանակահատվածում կհասնի և կանցնի ԱԺ նախկին նախագահին և «գալուստիվիզմները» կփոխարինենք «լենանիզմներով»։

Քանի որ տիկին Նազարյանը անցել է տաֆտոլոգիայի, նրան այդ իսկ ոճով հիշեցնեմ, որ ՀՀ հպարտ քաղաքացին գտնում է, որ «լավ է ապրել կուշտ և առողջ, քան հիվանդ և սոված»։ Հարգելի ԱԺ փոխխոսնակը, հուսամ, չի մոռացել, թե ինչու Հայաստանում տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը. կանանց և տղամարդկանց ֆիզիոլոգիան և օրգանիզմների հնարավորությունների մասին գիտեն ՀՀ գրեթե բոլոր չափահաս և նույնիսկ շատ անչափահաս քաղաքացիները, իսկ այ կուշտ և առողջ ապրելու մասին մի փոքր էլ պետք է մտածի գործող իշխանությունը։

ՀԳ. Հավելեմ, որ որոշ ժամանակ առաջ սույն տիկինն իր ՔՊ-ական գործընկերների ճոխ հավելավճարները մեկնաբանելիս, ուրիշ բան չհնարելով, հայտարարել էր, որ վերջիններս իրենց և հարազատ շրջապատին ինքնապարգևատրել են իներցիայով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել