Analitik.am-ը գրում է.

Քրեակատարողական հիմնարկներում սննդի պահպանման պայմաններն ապահովվում են: Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ առաջին հերթին կառավարությունը պետք է ապահովի պատշաճ սնունդ, որպեսզի դատապարտյալները կախված չլինեն հարազատների բերած հանձնուքներից:

Զեյնալյանը նշեց, որ հանձնուքների քանակն էականորեն նվազել է. «Ես միայն մեկ օրինակ բերեմ, Ամանորին ամբողջ համակարգում հանձնուքների քանակը եղել է այնքան, որքան լինում էր միայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեկ օրվա հանձնուքը»:

Նախարարն ասաց, որ սննդի որակի հարցն իր ուշադրության կենտրոնում է՝ նշելով, որ այս ընթացքում բարելավվել է հացի որակը և ավելացել է դրա սպառումը. «Նաև մենք սրանից բխող խնդիր ունենք դատապարտյալների քաշի ավելացման հետ կապված»:

Կառավարության ներկայացուցիչը նշեց, որ անելիքները շատ են և իրենք կանգ չեն առնում նրա վրա, ինչ ունեն այսօր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել