Կալիֆոռնիայի և Փենսիլվանիայի համալսարանների մի խումբ գիտնականներ փորձել են պարզել, թե ամեն օր որքան ազատ ժամանակ է անհրաժեշտ մարդուն իրեն երջանիկ զգալու համար: Ինչպես պարզվել է, սկզբում մարդիկ իսկապես սկսում են ավելի լավ զգալ, երբ ազատ ժամանակ են ունենում: Սակայն երկու ժամից սկսած, ազատ ժամանակի ավելացումը բավարարվածության զգացողության աճ չի առաջացնում, գրում է Die Welt-ը: Գիտնականները նման եզրակացության են եկել իրենց հետազոտության առաջին փուլում, 1992-2008թթ. ընթացքում հարցում անցկացնելով 13639 աշխատող ամերիկացիների շրջանում: Միևնույն ժամանակ, հարցման մասնակիցները պետք է պատասխանեին ազատ ժամանակի տևողության և կյանքից բավարարվածության վերաբերյալ:

Ուսումնասիրության երկրորդ փուլի հիմքում ընկած էր հետազոտության տվյալներն այն մասին, թե ինչպես են ամերիկացիներն անցկացնում իրենց ազատ ժամանակը: Հարցմանը մասնակցել է 21736 մարդ: Երկրորդ փուլի հարցումը ամբողջացրել է պատկերը, քանի որ ավելի հստակ է սահմանվել, թե հատկապես ինչ է «ազատ ժամանակը»: Եվ եթե մարդը, օրինակ, մասնագիտական գրականություն է կարդում, կարո՞ղ է դա հանգիստ համարվել: Այս փուլում հարցվողները հաճախ բացասական գնահատական են տվել իրենց երջանկության մակարդակին՝ ավելորդ ազատ րոպեների պատճառով:

Մասնակիցներից շատերը պատասխանել են, որ առավել գոհ կլինեին, եթե ամեն օր հանգստի համար 2.5 ժամ ազատ ժամանակ ունենային: Ավելի քիչ տևողությամբ ազատ ժամանակը նրանք կապել են սթրեսի բարձր մակարդակի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել