Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայում մարտի 1-ից սկսել է հեռարձակվել  հայկական առաջին հեռուստաալիքը` «Լույս TV»-ին: Հեռուստաընկերության առաջին հյուրերից էր Ստամբուլի քաղաքապետի թեկնածու, նախկին վարչապետ և ԹԱՄԺ նախագահ Բինալի Յըլդըրըմը. տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Նա անդրադարձ է կատարել ազգային փոքրամասնությունների խնդիրներին և ասել.  «Մեր աչքերի գույները տարբեր են, մազերի գույնը տարբեր է, մաշկի գույները տարբեր են, բայց մեր աչքերից դուրս ցայտող լույսը նույնն է: Ուստի պետք է եղբայրաբար ապրենք: Ստամբուլի համար ցանկացած որոշում կայացնելիս միասին կայացնենք»:

Ըստ Յըլդըրըմի` ԱԶԿ իշխանության շրջանում 167 համայնքային ֆոնդերին (Vakıf) վերադարձվել է 1029 շինություն: «Այդ մեծ խնդիրը վերացրեցինք: Մոտ ապագայում էլ շարունակելու ենք նույն ձևով: Այս պահին ազգային փոքրամասնությունները 65 գերեզմանատուն ունեն, որոնցից 16-ը հայկական են: Այդ բոլորի համար պատասխանատվությունը Ստամբուլի քաղաքապետարանինն է»,- նշել է նա:

Յըլդըրըմը, հայտնելով, որ երկար ժամանակ ապրել է Ստամբուլի եվրոպական` հին և ազգային փոքրամասնություններով լի Քուրթուլուշ թաղամասում, ասել է. «Ներքևի հարկում հայ հարևան ունեինք: Միասին էինք ապրում և ոչ մի անհանգստություն չենք զգացել, ընտանիքի պես էինք: Այսօր էլ Հայաստանից Թուրքիա մոտ 100 հազար մարդ է եկել և ապրում: Այս աշխարհը, այս երկիրը բոլորիս բավականացնում է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել