Panorama.am-ը գրում է.

Հայաստանում գազավորված բոլոր ըմպելիքները կհարկվեն ակցիզային հարկով, ինչը նշանակում է, որ առաջիկայում այդ ըմպելիքները կթանկանա։ Գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները, բարձրաձայնելով իրենց մտահոգությունները՝ պնդում են, որ փոփոխությունն առաջացնելու է ֆինանսական լուրջ խնդիրներ, իսկ որոշ արտադրողներ էլ կարող են անգամ դադարեցնել գործունեությունը:

Հիշեցնենք, որ համաձայն շրջանառության մեջ դրված «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 1-ից ընդլայնել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ և ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները։ Այսպիսով, առաջարկվում է կիրառել ակցիզային հարկ ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դասակարգման ըմպելիքների նկատմամբ, որոնք են շաքարի, համային ու հոտային հավելումներով գազավորված ըմպելիքները։

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության հասարակական կապերի և հաղորդակցության տնօրեն Էլինա Մարգարյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնության նախնական տարբերակը հարկային բեռի ավելացում էր նախատեսում միայն շաքար պարունակող ըմպելիքների համար, բայց վերջնական տարբերակում ընդգրկվել են նաև այն հանքային ջրերը, որոնք պարունակում են կիտրոնի բուրավետիչ։

«Այդ ապրանքատեսակը ևս ակցիզով հարկվելու է, մինչդեռ այն ընդհանրապես ոչ մի քաղրացուցիչ և շաքարավազ չի պարունակում»,- ասաց Էլինա Մարգարյանը՝ հավելելով, որ, ըստ հաշվարկների, 1 լիտր ըմպելիքի գինը կավելանա  30 դրամով։

Նշենք, որ այս խստացումը պայմանավորված է նաև մարդկանց  առողջության մասին մտահոգությամբ, ինչն արտադրողներն այդքան էլ չեն ընդունում։

«Թամարա և Անի» ՍՊԸ տնօրեն Տիգրան Շալջյանը մեջբերելով բժշկության մեջ հայտնի խոսքը, թե՝ «ամեն ինչ դեղ է և ամեն ինչ թույն, հարցը չափաբաժնի մեջ է»՝ նշեց, որ Հայաստանում մեկ օրվա կտրվածքով մեկ մարդուն բաժին հասնող ըմպելիքի մեջ շաքարով կամ քաղրացուցիչով գազավորված ըմպելիքը կազմում է 1 տոկոսից պակաս, իսկ միջազգային մակարդակում այս ցուցանիշը 1,7 տոկոս է. «Սա նշանակում է, որ մենք շատ հեռու ենք այդ ցուցանիշից»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել