Azatutyun.am-ը գրում է.

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին խորհրդարանի ամբիոնից հրավիրեց միասնական ջանքերով ընտրական բարեփոխումներ մշակելու:

Նախորդ խորհրդարանում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի ընդունումը երկու անգամ տապալվեց՝ մեծամասամբ հանրապետականների ջանքերով:

«Ընտրական ինստիտուտները ևս ունեն կատարելագործման կարիք, և ես ուզում եմ օգտվել առիթից և քաղաքական ուժերին հրավիրեմ ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսելու՝ միասնական ջանքերով: Եվ ուզում եմ միանգամից հայտարարել, որ մենք չունենք այդ թվում և սահմանադրական սահմանափակումներ և խոչընդոտներ, այսինքն՝ գործող ունենք, բայց երբ մենք միասին պայմանավորվենք, կարող ենք նաև ավելի արմատական փոփոխություններ մշակել և իրականացնել», - նշեց Միրզոյանը։

«Իմ քայլը» խմբակցությունից Վահագն Հովակիմյանի խոսքով՝ հրավիրվում էին թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերը: Առաջիկայում կհստակեցվի նաև ձևաչափը՝ որտեղ ու ինչպես են աշխատելու: Ժամկետների սահմանափակում, ըստ Հովակիմյանի, չկա, բայց ասաց՝ իշխանությունը հաստատակամ է խորհրդարանական հաջորդ ընտրություններն արդեն բարելավված ընտրական օրենսդրությամբ անցկացնել։

«Հապշապ ինչ-որ բաներ անելու խնդիր չունենք։ Մեզ պետք է մեր Ընտրական օրենսգիրքը և ընդհանրապես նույն Կուսակցությունների մասին օրենքը, այսինքն՝ քաղաքական դաշտը կարգավորող օրենսդրությունը հղկել և բերել այնպիսի վիճակի, որ դա նպաստի ամբողջ քաղաքական դաշտի զարգացմանը», - ասաց Հովակիմյանը։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց՝ Միրզոյանի այսօրվա առաջարկը դեռ հստակ, վերջնական ու պաշտոնական չէր, երբ կլինի կոնկրետ առաջարկ, իրենք կմասնակցեն քննարկումներին, կներկայացնեն իրենց մոտեցումները: Հիմա դրանից խոսելը վաղ համարեց:

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անմիջապես արձագանքեց ԱԺ նախագահի առաջարկին՝ անպայմանորեն կմասնակցեն Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքներին: Կարծում է՝ արժե նվազեցնել շեմը։ Հեռուստաբանավեճերը՝ նաև ընտրացուցակի առաջին եռյակի պարտադիր մասնակցությամբ օրենքով ամրագրելը։ ԲՀԿ-ի համար, ասաց, սկզբունքային է ռեյտինգային ընտրակարգի վերացումն ու 100 տոկոս համամասնականի անցումը:

«Ես դա համարում եմ ընտրությունները ապաքաղաքականացնելու ամենավտանգավոր ընտրակարգերից մեկը, ինչը ներդրվեց նախորդ իշխանության ժամանակ, որպեսզի կարողանան թաղային հեղինակություններով ապահովել առավելագույն ձայն իշխող կուսակցությանը», - ընդգծեց Զոհրաբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել