Երբ մարդը սխալվում է, հիմնականում ինքն իրեն է վնասում: Երբ սխալվում է ղեկավար մարդը, վնասն ամենաշատը հասցվում է պետությանն ու ժողովրդին: Սա՝ որպես նախաբան:

Հիմա բուն թեմայով մի քանի հարց բարձրացնեմ.

1. Եթե Ալիևը չհամաձայնի Արցախի հարցով բանակցային գործընթացի ուղղակի մասնակից դարձնել Արցախին, այսինքն՝ «ոչ» ասի բանակցային ներկայիս ձևաչափի փոփոխությանը, ապա ի՞նչ է անելու պաշտոնական Երևանը: Դադարելո՞ւ է բանակցել Բաքվի հետ, թե՞ բանակցելու է, բայց ներհայաստանյան լսարանի մոտ դեմքը փրկելու համար հայտարարելու է, որ դա ոչ թե բանակցություն է, այլ շփում, քննարկում, մտքերի փոխանակում, պատմական լիկբեզ, զրույց կամ հանդիպում, մի խոսքով՝ գյալաջի:

2. Եթե հայկական կողմը մի քանի ամիս արդեն բանակցել է Ադրբեջանի հետ, բայց չի ընդունել այդ փաստը, ապա նշանակո՞ւմ է դա արդյոք, որ չեն հասկացել, որ բանակցում են կամ էլ բանակցել են, բայց ուզել են թաքցնել բանակցությունների փաստը, որպեսզի դուրս գան նախկինում հնչեցրած սեփական հայտարարությունների տակից:

3. Հասկանո՞ւմ են արդյոք ՀՀ կառավարությունում, որ եթե հայկական կողմն է փակուղի մտցնում բանակցային գործընթացը, ապա Ադրբեջանը ստանում է ռազմական գործողություններ սկսելու լեգիտիմ իրավունք: Լեգիտիմ ոչ միայն Ադրբեջանի քաղաքացիների, այլ նաև միջազգային հանրության համար:

4. Ե՞րբ է վերջապես պաշտոնական Երևանը հրապարակավ ներկայացնելու իր սկզբունքներն Արցախի խնդրի կարգավորման առումով: Որո՞նք են այն կարմիր գծերը, որոնցից որևէ պարագայում նահանջ չի լինի: «Արցախը պետք է դառնա բանակցային կողմ» ձևակերպումը հաճելի է ականջի համար ու ցանկալի, բայց կարևորը պաշտոնական Երևանի բովանդակային դիրքորոշման հստակեցումն է, որն առայժմ չկա:

ՀԳ. Քաղաքականության մեջ գոյություն ունի նաև անմեղսունակության կանխավարկած: Հենց այդ կանխավարկածից ելնելով է պետք վերլուծել որոշների ծրագրերն ու գործողությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել