Panorama.am-ը գրում է․

Ֆլորիդայից դեմոկրատ կոնգրեսական Էլսի Լ. Հեյսթինգսը ադրբեջանական քարոզչության ամենավերջին խոսափողն է։ Նա 2019 թ. փետրվարի 25-ին հանդես եկավ հայտարարությամբ, այն մտցրեց Կոնգրեսի արձանագրության մեջ՝ հայերին մեղադրելով Ադրբեջանի Խոջալու գյուղում 1992 թ. փետրվարի 26-ին, Արցախյան պատերազմի թեժ օրերին 613 ադրբեջանցի տղամարդկանց, կանանց և երեխաների սպանության մեջ։ Human Rights Watch-ի զեկույցում զոհված ադրբեջանցիների թիվը կազմում էր 161 մարդ։ Այնուամենայնիվ, ցավալի է նույնիսկ մեկ մարդու կորուստը՝ լինի ադրբեջանցի, թե հայ։ Ադրբեջանական կոնգրեսական խմբի անդամ Հեյսթինգսը կասկածելի սպանություններն անվանել է «Խոջալուի կոտորած»։

Այս սպանությունները վիճարկվում են հայերի և ադրբեջանցիների կողմից, որոնք միմյանց մեղադրում են կորուստների համար։ Վերջին տարիներին Ադրբեջանի կառավարությունն այս սպանությունները դարձրել է «հանրահայտ գործ», տարբեր երկրներում կազմակերպելով միջոցառումներ և հայերին մեղադրելով ոչ միայն կոտորած, այլև ցեղասպանություն իրականացնելու մեջ… Այս քարոզչական միջոցառումները ֆինանսավորվում են հայտնի «խավիարային դիվանագիտության» միջոցով, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը ամբողջ աշխարհում կաշառք է տալիս պետական պաշտոնյաներին՝ Ադրբեջանին քննադատող որոշումները խոչընդոտելու կամ իր օգտին բանաձևեր ընդունելու համար։

Հեգնական է, որ Ադրբեջանը 613 ադրբեջանցիների կասկածելի սպանությունները նկարագրում է որպես ցեղասպանություն, մինչդեռ անամոթաբար ժխտում է 1.5 միլիոն հայերի իրական ցեղասպանությունը 1915-1923 թվականներին:

1997 թ. մարտի 3-ին ՀՀ արտգործնախարարությունը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի անդամներին շրջանառության մեջ դրեց մի հայտարարություն` մերժելով «Խոջալուի իրադարձության մասին» 1997 թ. փետրվարի 22-ին Ադրբեջանի տարածած հայտարարությունը: Հայաստանը մեջբերեց Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի խոսքերը, որը հայտարարել էր, թե Ադրբեջանի Ազգային ճակատը «ակտիվորեն խոչընդոտել և փաստացի կանխել է տեղի [ադրբեջանցի] բնակչության հեռացումը լեռնային անցուղիներով, որոնք Ղարաբաղի հայերը հատուկ թողել էին քաղաքացիական բնակչության դուրս բերումը հեշտացնելու նպատակով»։ Մութալիբովն այդ հայտարարությունն արել էր «Խոջալուի դեպքերից» մի քանի օր անց, չեխ լրագրող Դանա Մազալովային տված հարցազրույցում, որը հրապարակվել էր 1992 թ. ապրիլի 2-ին ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթում։

Նման քարոզչական միջոցառումների կազմակերպմամբ Ադրբեջանի պաշտոնյաները շատ հարմար միջոց են գտել հակազդելու ադրբեջանական Սումգայիթ (1988 թ. փետրվարի 27-29-ը), Գյանջա (1988 թ. նոյեմբեր) և Բաքու (1990 թ. հունվար) քաղաքներում տեղի ունեցած հայերի զանգվածային սպանություններին, ինչպես նաև Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությանը։

Ադրբեջանը չէր կարող գտնել ԱՄՆ Կոնգրեսի ավելի խայտառակ անդամի, քան Հեյսթինգսն է՝ Հայաստանի դեմ իր քարոզչական պատերազմն իրականացնելու համար։ Կոնգրեսի անդամ դառնալուց առաջ Հեյսթինգսը աշխատել է  որպես Միացյալ Նահանգների օկրուգային կամ դաշնային դատավոր 1979-ից մինչև 1989 թվականը, որի ընթացքում նա հեռացվել պաշտոնից։

Համաձայն Վիքիպեդիայի՝ «1981 թ. [դատավոր] Հեյսթինգսին մեղադրանք առաջադրվեց 150 հազար դոլար կաշառք ստանալու համար՝ Ֆրենկ և Թոմաս Ռոմանոների կողմից  21 շորթումների համար փոխհատուցվող գույքի վերադարձի և մեղմ դատավճռի դիմաց և այդ գործի վերաբերյալ իր կեղծ ցուցմունքների համար։ 1983 թ. նա արդարացվեց երդվյալ ատենակալների կողմից, երբ ենթադրյալ հանցակից Ուիլյամ Բորդերսը հրաժարվեց ցուցմունք տալ դատարանում, որի հետևանքով Բորդերսը բանտարկվեց»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել