Operativ.am-ը գրում է․

Մեքսիկայում Մարդաբանության եւ պատմության ինստիտուտի (INAH) հնագետները հայտնաբերել են հնագույն քարայր՝ մայաների պատրաստած ավելի քան 155 իրերով, որոնք ավելի քան հազար տարի անձեռնմխելի մնացել են այստեղ, ասվում է ինստիտուտի կայքում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Քարայրների ցանցը, որն անվանվել է Բալմակու, ինչը նշանակում է «Հովազների աստված», հայտնաբերվել է Յուկատան թերակղզու հյուսիսում, որտեղ գտնվում են մայա ժողովրդի սրբազան քաղաքի՝ Չիչեն Իցայի ավերակները։ Հնագետների տվյալներով՝ քարայրն առաջին անգամ հայտնաբերել են տեղի համայնքի գյուղացիները 1966-ին, բայց հնագետը, որ եկել է այստեղ, հրահանգել է փակել մուտքը։ Ավելի քան 50 տարի ոչ ոք չի իմացել այս քարայրի մասին, մինչեւ որ մեքսիկացի հնագետները նորից չեն հայտնաբերել այն։
«Բալմակուն թույլ կտա վերախմբագրել Չիչեն Իցայի պատմությունը։ Հարյուրավոր հնագիտական իրեր... շատ լավ են պահպանվել»,- ասել է հնագետներից մեկը՝ Գիլյերմո դե Անդան։

Նրա խոսքով՝ հայտնաբերված իրերը, ինչպես եւ քարայրը, թույլ կտան լույս սփռել «Ջրի կախարդների քաղաքի» հիմնադրման եւ անկման պատմության վրա՝ շնորհիվ առաջավոր տեխնոլոգիաների, ինչպիսին է, օրինակ, 3D մոդելավորումը։

Քարայրի կառուցվածքը, դժվարանցանելի մուտքն ու նեղ անցումները, որոնցով ստիպված էին սողալ հնագետները, թույլ են տալիս ենթադրել, որ գտնված իրերը՝ խեցե իրեր, անոթներ՝ աստվածների պատկերներով, բուրվառ հիշեցնող առարկաներ, վերաբերում են մայա ցեղի ներկայացուցիչների ծիսակարգերին։

Այս պահին անցկացվել է նախնական հետազոտություն՝ առանց պեղումների, ուստի գիտնականները ենթադրում են, որ քարայրի չափսերը կարող են ավելի մեծ լինել, ինչպես եւ հնագիտական գտածոների թվաքանակը։

Չիչեն Իցան մայա քաղաքակրթության մշակութային եւ քաղաքական կենտրոնն է, որը գտնվում է Մեքսիկայի Յուկատան նահանգի հյուսիսում, այն ճանաչված է որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել