Politik.am-ը գրում է․

Մարտի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։  Politik.am-ի տեղեկություններով՝ այս անգամ ևս վարչապետ Փաշինյանը իր հետ արտերկիր է տարել ընտանիքի անդամներին։

Պետք է նկատել, որ նախորդ անգամ, երբ նա աշխատանքային այցով մեկնել էր Շվեյցարիա, մենք գրել էինք, որ իր հետ Դավոս է մեկնել նաև կինը՝ Աննա Հակոբյանը։ Վարչապետի կինը չէր մասնակցում Դավոսի տնտեսական համաժողովին, պարզապես մեկնել էր հանգստի։

Մեր այդ հրապարակումից միայն մեկ ամիս անց Աննա Հակոբյանը պաշտոնապես հաստատեց, որ ամուսնու հետ մեկնել է Դավոս։ Հետագայում բացատրություն չտրվեց, թե ինչու՞ են պետական միջոցներ վատնվել, երբ Աննա Հակոբյանը այնտեղ անելիք չուներ։

Մեր հետաքննական հրապարակմանը արձագանքեց FIP.am-ը («Փաստերի ստուգման հարթակ»), որը ղեկավարում է Դանիել Իոաննիսյանը։ Իոաննիսյանը Աննա Հակոբյանի այցը չհամարեց պետական միջոցների վատնում, քանի որ, իր համոզմամբ, վարչապետին սպասարկող ինքնաթիռը, միևնույն է, դատարկ է եղել, և հավելյալ ծախսերի կարիք չի եղել։ Դանիել Իոաննիսյանի՝ «Փաստերի ստուգման հարթակի» կողմից հրապարակված այս արդարացումը վերատպել էր նաև Աննա Հակոբյանին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը։

Մեր տեղեկություններով՝ Աննա Հակոբյանը, տեսնելով հասարակության լիակատար անտարբերությունը իր շռայլությունների նկատմամբ, որոշել է իրեն չզրկել Բելգիայի Թագավորություն գնալու հաճույքից։ Նա իր հետ տարել է նաև իր դստերը՝ Մարիամ Փաշինյանին և ընկերուհիներից մեկին։

Մեր հրապարակումը գրեթե պատրաստ էր, երբ արձանագրեցինք, որ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ Աննա Հակոբյանը և Մարիամ Փաշինյանը ևս այցելել են Բելգիայի Թագավորություն։ Մենք փորձեցինք կապ հաստատել Աննա Հակոբյանի մամուլի խոսնակի հետ՝ պարզելու համար, թե ինչ միջոցների հաշվին են Աննա Հակոբյանն ու իր ընկերուհին մեկնել Բելգիա։ Աննա Հակոբայնի մամուլի խոսնակը չպատասխանեց մեր զանգերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել