«Իրատես» թերթը գրում է. «Երեւանի կառավարումը ստանձնածներն այնքան էլ լավ չեն հասկանում՝ ինչի հետ գործ ունեն: Տեւական ժամանակ է՝ թաղապետարաններն ինչ-որ հարցով կամ խնդրով դիմող բնակիչների պակաս չունեն:

Հիմնական բողոքը, ըստ «Իրատեսի» աղբյուրների, շինթույլտվություններին կամ առանց նախնական թույլտվության կառուցված շինարարություններն օրինական դարձնելուն է առնչվում։

«Բնակիչները, որ առանց համապատասխան թույլտվության, ենթադրենք, պատշգամբը մեծացրել են կամ տանիքին նոր հարկ են ավելացրել, չեն կարողանում դա օրինականացնել, թեեւ պատրաստ են օրենքով պահաջվող բոլոր վճարումները կատարելու: Ներքին հրահանգ կա, ասել են` առայժմ թող սպասեն հասկանալի չէ, թե ինչի,- ասաց մեր զրուցակիցը։ – Առավել խառնաշփոթ իրավիճակ է շինթույլտվությունների մասով:

Քաղշինկոմիտեն այժմ շինարարություն սկսելու թույլտվություն չի տրամադրում, առհասարակ, որեւէ մարմին չկա, որ տրամադրի այդ թույլտվությունը, եւ շինարարություն սկսել ցանկացողներն արդեն մի քանի ամիս է՝ սպասում են:

Նրանցից շատերն սկսել են շանտաժի լեզվով խոսել, որ եթե հարցերին լուծում չտան, ճանապարհ կփակեն եւ այլն»:

Մեր զրուցակիցը փոխանցեց նաեւ, որ քաղաքապետարանում առայժմ միայն առաջարկներ են ընդունում, բուն աշխատանքը դոփում է տեղում: Նշեց, որ վարչության ու բաժնի պետերը, «Viber»-ով մեկ էլ հանկարծ նամակ են ստանում վերադասներից, թե` այսինչ հարցի վերաբերյալ ի՞նչ առաջարկներ կան, եկեք հավաքվենք, քննարկենք։

«Հավաքվում են, առաջարկներն անում են, քննարկում, արդյունքը, սակայն, այն է լինում, որ առաջարկ-տրցակների թիվն ավելանում է շինթույլտվության իրավունք չստացած ու կառավարման արդյունավետությունից դժգոհող քաղաքացիների թվին զուգահեռ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել