168.am-ը գրում է.

Tesla ընկերությունը Model Y էլեկտրական քրոսովերի նորագույն մոդելը մարտի 14-ին կներկայացնի Լոս Անջելեսում: Այդ մասին ընկերության ղեկավար Իլոն Մասքը մարտի 4-ին հայտնել է Twitter-ում:

«Model Y մոդելը մարտի 14-ին ներկայացվելու է ընկերության Los Angeles Web Design միջոցառման ժամանակ»,-նշել է ամերիկացի ձեռնարկատերը, ընդգծելով, որ մանրամասն բնութագրերը, կոմպլեկտացիաների տարբերակները եւ գները նույնպես կհրապարակվեն շնորհանդեսի ժամանակ: Բացի այդ, Մասքը խոստացել է կազմակերպել նոր քրոսովերի թեստ-դրայվը:

Tesla-ի ղեկավարի տեղեկատվությամբ, քրոսովերի նոր մոդելը «մոտավորապես 10 տոկոսով ավելի մեծ է, քան Model 3-ը (Tesla սեդանը) եւ 10 տոկոսով ավելի թանկ»:

Ձեռնարկատերը նախազգուշացրել է, որ էլեկտրամոբիլի մեծ զանգվածի հաշվին առանց լրալիցքավորման երթեւեկության տեւողությունը նույն ուժակուտակիչի դեպքում փոքր-ինչ պակաս է, քան Model 3-ինը: 2018 թվականի աշնանը Tesla-ի ղեկավարը հայտնել էր, որ Model Y-ի լիամասշտաբ արտադրությունը կսկսվի 2020 թվականից ոչ շուտ: Այդ ժամանակ արտադրությունն սկսելու այդչափ հեռավոր ժամկետի պատճառներից մեկը, The Verge պորտալի կարծիքով, դարձել էր այն, որ ընկերությունը չուներ անհրաժեշտ արտադրական հարթակներ:

2019 թվականի առաջին օրերին Tesla-ն Չինաստանում սկսել է էլեկտրամոբիլների հավաքման ձեռնարկության շինարարություն, որը տեղակայված է Շանհայից ոչ հեռու գտնվող Լինգանի արդյունաբերական գոտում: Նոր գործարանն ընկերության համար առաջինը կդառնա ԱՄՆ-ի սահմաններից դուրս, ինչպես նաեւ ավտոմոբիլային արդյունաբերության առաջին ձեռնարկությունը Չինաստանում՝ հարյուրտոկոսանոց օտարերկրյա կապիտալով:

Պայմանավորվածության համաձայն, ամերիկյան ընկերությունն ինքնուրույն է ներդրումներ անելու մինչեւ 500 հազար ավտոմեքենա արտադրության տարեկան ծավալով ձեռնարկության կառուցման մեջ: Արդեն մինչեւ 2020 թվականը դրանում պլանավորվում է գործարկել Model 3-ի հավաքումը: Շանհայը պատահաբար չի ընտրվել որպես Tesla-ի գործարանի կառուցման վայր: Հենց այդ մեգապոլիսն է էլեկտրամոբիլների շահագործմամբ առաջին տեղն զբաղեցնում Չինաստանում. 2017 թվականի վերջին քաղաքում գրանցված է 165 հազար «կանաչ» ավտոմեքենա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել