Բենեդիկտ ձվերը նախաճաշի հրաշալի տարբերակ են ձեր ընտանիքի համար։
Ֆրանսիական այս նախաճաշը, որ նվաճել է աշխարհը, բաղկացած է բուլկիի տապակած, կարմրացրած կեսերից, պաշոտ ձվից և բեկոնի շերտերից։ Այս ամենի վրա վերջում օլանդեզ տաք սոուսն է լցվում։

Ամենադժվարը այստեղ պաշոտ ձվերը պատրաստելն է՝ առանց կեղևի, այնպես, որ դեղնուցը ջրիկ մնա՝ սպիտակուցով պատված։ Մի փոքրիկ խորամանկությամբ կիսվենք. սննդային թաղանթի մի կտոր դրեք բաժակի մեջ, բուսայուղ քսեք վրան, ձուն ջարդեք՝ առանց դեղնուցը վնասելու։ Թաղանթի ծայրերը հավաքեք և կապեք պարկի նման։ Այս ձևով եփեք ձուն ջրի մեջ, սակայն ոչ ոքի մի ասեք, որ դասական ձևով չեք պատրաստել։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Ձու – 2 հատ
  • Բեկոն – 50 գր.
  • Կարագ – 110 գր.
  • Լիմոնի հյութ – 1 ճ.գ.
  • Աղ – 1 պտղունց
  • Սոխ -1 հատ
  • Բուլկի – 1 հատ
  • Քացախ – 3 ճ.գ.
  • Դեղնուց – 3 հատ
  • Սև պղպեղ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Պաշոտ ձվերի պատրաստման դասական տարբերակը հետևյալն է. լայն կաթսայի մեջ մոտ 2 Լիտր ջուր ենք լցնում, եռացնում, կրակը ցածրացնում, քացախ լցնում մեջը։ Գդալով ջրի մեջ ձագարի ձև ենք տալիս և ձուն ջարդում այդ փոսիկի մեջ։ Անընդհատ խառնելով, որպեսզի փոսիկը մնա։ Եփում ենք 2-3 րոպե։ Ձուն հանում ենք և դնում թղթե անձեռոցիկի վրա։

2. Թավայի մեջ հալեցնում ենք 50 գր. կարագը, երկու կողմից կարմրեցնում ենք բուլկիի կեսերը։ Դրանք հանում ենք և տապակում ենք կիսալուսնաձև կտրատած սոխերն ու բեկոնի կտորները։

3. Պատրաստում ենք օլանդեզը։ Կաթսայի վրա, որտեղ եփվել էին ձվերը, դնում ենք թասիկն այնպես, որ այն ջրին չկպնի։ Թասի մեջ հալեցնում ենք մնացած կարագի կեսը։

4. Բաժակի մեջ հարում ենք դեղնուցները մի պտղունց աղի և պղպեղի հետ։ Եվ լցնում ենք հալված կարագով թասիկի մեջ։ Հենց որ սոուսը սկսի թանձրանալ, ավելացրեք կարագի մնացած մասը և շարունակեք խառնել։ Երբ զգաք, որ նորից թանձրանում է, ավելացրեք լիմոնի հյութը, կրկին հարեք և հանեք կրակից։

5. Հիմա հավաքում ենք ուտեստը. հացերի վրա դնում ենք սոխը, բեկոնը, հետո պաշոտ ձուն։ Վրան լցնում ենք սոուսը և անմիջապես մատուցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել