Operativ.am-ը գրում է․

Ուկրաինայի նախագահական մրցապայքարը գլխավորող շոումեն, հումորիստ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Դոնբասում պատերազմին վերջ տալու համար Ուկրաինան պետք է բանակցի Ռուսաստանի հետ, և դա անխուսափելի է: Այդ մասին նախագահի թեկնածուն խոսել է «1+1» հեռուստաալիքի «Իշխանության իրավունք» հաղորդման եթերում:

«Յուրաքանչյուր ուկրաինացու նպատակն է պահպանել մարդկային կյանքերը: Դրա համար առաջին քայլը հրադադարն է: Ինչպե՞ս կարող ենք դա անել. միայն բանակցություններով: Մենք ունենք Մինսկյան համաձայնություններ, որոնք չեն գործում, սակայն մենք շնորհակալ ենք Արևմուտքին, որ գոնե ինչ-որ բան ունենք: Ես կարծում եմ, որ մենք պետք է ընդլայնենք բանակցային սեղանն ու ներգրավվենք Մեծ Բրիտանիային, ԱՄՆ-ին», - ասել է Զելենսկին:

Ըստ նրա՝ բանակցային գործընթացի մեջ մտնելը չի խանգարի պահպանել Դոնբասի հարցում ուկրաինական կողմի ունեցած սկզբունքային դիրքորոշումը:

«Ինչ վերաբերում է փոխզիջումներին՝ Ուկրաինայի անկախության ու ինքնիշխանության վերաբերյալ ոչ մի փոխզիջում լինել չի կարող», - շեշտել է Զելենսկին՝ ընդգծելով, որ իրենք չեն պատրաստվում «առևտուր անել» մարդկանց ու տարածքների հաշվին:

Հիշեցնենք, որ օրերս Ուկրաինայում Յարյոմենկոյի անվան սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի և «Սոցիալական մոնիթորինգ» կենտրոնի անցկացրած հարցումները ցույց են տվել, որ ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքացիների 27,3 տոկոսը պատրաստ է ձայն տալ Զելենսկիին: Այսպիսով՝ ուկրաինացի շոումենը նախընտրական մրցապայքարում առաջ է անցել երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյից և նախկին վարչապետ, ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել