Operativ.am-ը գրում է.

Ավստրիացի ագարակատիրոջը 490 հազար եվրո տուգանք են նշանակել այն բանի համար, որ նրա կովերը 2014 թվականին աքացիներով սպանել են գերմանացի զբոսաշրջուհուն։ Դատավարությունը տեւել է ավելի քան չորս տարի եւ ավարտվել հօգուտ գերմանացի հայցվորի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

2014 թվականին 45-ամյա զբոսաշրջուհին դարձել է ագրեսիվ կովերի հարձակման զոհ, երբ նա շան հետ զբոսնում էր Ալպերի լեռնային մարգագետիններում։ Պարզվել է, որ շան հաչոցը խրտնեցրել է կենդանիներին, որոնք հարձակվել են կնոջ վրա։ Գերմանուհուն մեկ ժամ շարունակ բուժօգնություն էին ցուցաբերում, բայց այդպես էլ չհաջողվեց վերակենդանացնել նրան, եւ նա մահացավ ստացած վնասվածքներից։ Ավստրիայի դատախազությունը սկզբում գործ հարուցեց տեղի ֆերմերի դեմ, բայց հետո այն դադարեցվեց։
Զոհվածի ամուսինը փոխհատուցում ստանալու հայց ներկայացրեց։ Նա պնդում էր, որ կովերի տերը չի հետեւել զբոսաշրջիկների համար անվտանգության կանոններին։ Ֆերմերն իր հերթին նշել է, որ իր տնտեսության տարածքում եղել են նախազգուշական նշաններ՝ հորթ ունեցող կովերին շրջանցելու մասին։ Դատարանը հայցվորի կողմնակիցն էր եւ նշում էր, որ ֆերմերը պետք է մտածեր այն մասին, որպեսզի իր կովերը չկարողանային հսկողությունից դուրս շրջել արոտավայրում։ Պատասխանողը մտադիր է բողոքարկել վճիռը։

Դատարանի վճիռը տարակուսանք է առաջացրել Ավստրիայում։ Մասնավորապես, արհմիությունները եւ տեղի իշխանությունները երկյուղներ են հայտնել, որ ստեղծվել է նախադեպ, որն անպաշտպան է դարձնում Ավստրիայի շատ ֆերմերների։ Հանրապետության դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցը չորեքշաբթի խոստացել է օրենսդրական միջոցներ նախաձեռնել, որոնք ապագայում թույլ կտան կարգավորել նման դեպքերը խաղաղ կարգով։ «Այս ողբերգությունը չպետք է հանգեցնի զբոսաշրջիկների եւ ֆերմերների լավ գոյակցության խախտմանը լեռնային մարգագետիններում»,- ասել է Կուրցը։

Կովերի ագրեսիվ պահվածքի խնդիրը Ավստրիայում հայտնվել է ուշադրության կենտրոնում 2014-ի այս դժբախտ դեպքից հետո։ Ողբերգությունից հետո Տիրոլի իշխանությունները տարածել են հատուկ հուշաթերթիկ զբոսաշրջիկների համար՝ «Լեռնային արոտավայրերը կոնտակտային կենդանաբանական այգի չեն» անվանմամբ։ Չնայած դրան, 2017 թվականին կովերի հարձակումից հետո մահացել է մի թոշակառու կին, իսկ հետո զբոսաշրջիկների մի խումբ տուժել է նման հարձակումից։

Հետագայում իշխանությունները նույնիսկ անիմացիոն ֆիլմ են թողարկել, որը զբոսաշրջիկներին նախազգուշացնում է խոշոր եղջերավոր անասունների հետ հանդիպման վտանգավորության մասին մեծ արոտավայրերում։ Դրա օգնությամբ ոտքով զբոսանքի սիրահարներին բացատրել են վարքի կանոնները բարձրլեռնային մարգագետիններում կովերին հանդիպելիս. այդ կովերը կարող են մարդուն ընկալել որպես վտանգ իրենց հորթերի համար, ագրեսիա դրսեւորել հետաքրքրասեր հյուրերի հանդեպ եւ հարձակվել նրանց վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել