Politik.am-ը գրում է.

Այսօր արդեն հաստատվեց, որ ԱԱԾ-ն կալանավորել է  ՀՀ ՊՎԾ երկու պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված ընկերության ներկայացուցիչը: Ձերբակալվածները ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի մտերիմներն են և հենց նրա կողմից են նշանակվել այդ պաշտոններում: Politik.am-ի տեղեկություններով՝ ՊՎԾ-ն և նրա պետը, արդեն մի քանի ամիս է, ինչ հայտնվել են ԱԱԾ ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ ամիսներ շարունակ մամուլում հայտնվում են տեղեկություններ, ըստ որոնց՝ ՊՎԾ-ն ստուգումներ չի իրականացնում որոշ  կառույցներում, որոնք փոխկապակցված են այս կամ այն գործարարի հետ: Հատկապես շեշտվում էր ԲԷՑ-ում չիրականացված ստուգումների մասին:

Խոսակցություններ էին շրջանառվում նաև, որ Դավիթ Սանասարյանը գործարարներից մեկից ստացել է 80 հազար դոլար արժողության Lexus GX 470 մակնիշի ամենագնաց` անձնական օգտագործման համար:

Տեղեկատվությունը փորձեցինք ճշտել ՊՎԾ մամուլի խոսնակ Զարուհի Մեջլումյանից: ՊՎԾ մամուլի խոսնակը Politik.am-ի հետ զրույցում ասաց.«Հերքում եմ այդ լուրը, քանի որ նման բան չկա: 2019-ի հունվարի 17-ին Կառավարության որոշմամբ Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչությունից հանվել և ՊՎԾ-ին է փոխանցվել Toyota LC 200 մակնիշի մեքենան: Գնի կամ ձեռքբերման հետ կապված այլ տեղեկատվություն չունենք»:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, ԱԱԾ-ն նոր բացահայտումներ կանի ՊՎԾ-ում տիրող իրավիճակի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել