Տոկիոյում Կեյո համալսարանին կից կլինիկայում աշխարհի ամենափոքր քաշով ծնված տղան դուրս է գրվել հիվանդանոցից:

Ինչպես հաղորդում է Kyodo գործակալությունը, երեխան, որը ծնվել է ընդամենը 268 գրամ քաշով, այլևս բժիշկների հսկողության կարիքը չունի:

Վեց ամսվա ընթացքում նրա քաշն ավելացել է գրեթե 3 կիլոգրամով, և այժմ օրգանիզմը նորմալ է զարգանում. նա կարողանում է ինքնուրույն ուտել և շնչել:

Նշվում է, որ երեխան մոր արգանդում գրեթե չի աճել, ուստի բժիշկները հղիության 24-րդ շաբաթվա ընթացքում բարդ վիրահատություն են իրականացրել:

Երեխայի ծնվելուց հետո նրա կյանքը պահպանվել է հատուկ սարքավորումների միջոցով: Աստիճանաբար երեխան սկսել է աճել և քաշ հավաքել:

Տղան աշխարհում ամենափոքր քաշով ծնված երեխան է, որին հաջողվել է ապրել: Նախորդ ռեկորդը պատկանում է Գերմանիայում 274 գրամ քաշով ծնված տղային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել