«Մենք մոտ երկու շաբաթ առաջ գրել էինք, որ կահույքի բիզնեսով զբաղվող «Զորաշեն» ընկե­րությունը որոշել է զբաղվել բժշկական սարքավորումների ներկրմամբ՝ մասնակցելով դիալի­զի սարքավորումների համար հայտարարված մրցույթներին: Մասնավորապես, «Սուրբ Գրի­գոր Լուսավորիչ» ԲԿ-ում դիալիզի բուժսպասարկման մրցույթը շահել է ոչ թե մշտական ծառայություններ մատուցող «Ֆրիզանյուզ»-ը, այլ «Զորաշեն»-ը, և այդ հարցում իրենց շա­հագրգռվածությունն են ունեցել Դավիթ Սանասարյանի գլխավորած Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները:

Մեր այս լուրից 2 շաբաթ անց՝ երեկ, տեղեկություն տա­րածվեց, որ ԱԱԾ-ն ձերբակալել է ՊՎԾ աշխատա­կիցների, այդ թվում՝ Ադյան եղբայրներին: Ավելի ուշ տեղեկացանք, որ ձերբակալվածները երկուսն են՝ Ադյան եղբայրներից մեկը և Գևորգ Խա­չատրյանը: Եվ ձերբակալությունները կապված են մատակարարման մրցույթներում թույլ տրված մեքենայությունների հետ: Առաջիկայում ըստ ամենայնի չեղյալ կհայտարարվեն «Զորաշենի» հաղթած բոլոր մրցույթները:

Նշենք, որ Դա­վիթ Ադյանը երեկ ստուգումների էր Բժշկական համալսարանում, որտեղ ամիսներ շարունակ ստուգումներ են ընթանում թե´ ՊՎԾ-ի, թե´ այլ մարմինների կողմից:

Ի դեպ, վերոնշյալ «Զորաշեն» ՍՊԸ-ն Բժշկական համալսարանին 2016-2018 թթ. կահույք է մատակարարել, իսկ 2019-ին կտրուկ փոխել է պրոֆիլն ու սկսել է մասնակցել բժշկական սարքավորումների մատակարարման մրցույթներին: Այս տարի անցկացված մրցույթում նա հաղթող է ճանաչվել, ընդ որում՝ կասկածելի ցածր գնով պարտավորվել է մատակարարել համալսարանին ու նրան կից հիվանդանոցային համալիրին 450 հատ սրտաբանական օդամղիչ սարք՝ ընդհանուր 6 մլն 997 հազար դրամ պայմա­նագրային արժեքով, 260 հատ Ռադիալ զարկե­րակի փակիչ՝ 1 մլն 478 հազար դրամ արժեքով, ևս 200 հատ օդամղիչ սարքի հավաքածու՝ 3 մլն 478 հազար դրամ պայմանագրային արժեքով:

Մեր տեղեկություններով՝ այս պայմանագրերը չեղյալ են հայտարարվել կամ կասեցվել են:

Երեկ տեղեկացանք, որ Պետական վերահսկողական ծառայության 2 աշխատակցից բացի, ձերբակալվել է նաև «Զորաշեն» ՍՊԸ-ի տնօրենը։ Կապվեցինք ընկերության հեռախոսահամարով, մեզ պատասխանեց «տնօրենի հայր» ներկայացած Արթուր Կարապետյանը։ Նա հաստատեց, որ որդուն կանչել են հարցաքննության, բայց պնդեց, որ Հայկ Կարապետյանը ձերբակալված չէ։

Ինչպե՞ս կարող ենք Ձեր որդու հետ զրուցել։ «Լավ, ինձ հարց մի տվեք։ Էլի եմ ասում՝ ձերբակալվածների մասին բան չգիտեմ, բայց գիտեմ, որ հարցաքննություն է գնում։ Ե՛վ ինձ են կանչել, և´ որդուս, բայց պարզ ասում եմ՝ որդիս ոչ մի կապ չունի։ Ես Կարապետյան Արթուրն եմ, տղես Կարապետյան Հայկն է, բայց մենք կապ չունենք ոչ մի բանի ու ոչ մեկի հետ»։ Թե ինչու են հրավիրվել հարցաքննության, չցանկացավ պատասխանել»,-գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել