Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 27-ին, սահմռկեցուցիչ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։55-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ջրվեժ» տաքսի ծառայությանը պատկանող Lada մակնիշի 34 ՏT 870 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 61-ամյա Սերգեյ Բայանդուրյանը իր ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող Volvo մակնիշի 34 G 8146 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի՝ 38-ամյա Արմեն Միրզոյանն ու 32-ամյա Արտակ Միրզոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ վիրավորներին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով վիրավորներից Արմեն Միրզոյանի 2 ոտքերն ամբողջովին կտրվել են (ամպուտացվել) և ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հերացու անվան հիվանդանոցի բուժանձնակազմը 4 ժամից ավելի պայքարել է վիրավորի կյանքի համար և այս պահին նա ծայրահեղ ծանր ախտորոշմամբ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Volvo մակնիշի ավտոմեքենան վարել է Արտակ Մարդոյանը, երբ «Սանիթեք»-ի աշխատակիցները կատարում էին աղբահեռացման աշխատանքներ, ու վարորդը պահպանել է անվտանգության բոլոր կանոնները. բեռնատարը կայանված է եղել թույլատրելի հատվածում, միացված են եղել վթարային լուսարձակները։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյան տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել