Չէի ուզում անդրադառնալ երեկվա միտինգին: Տանել չեմ կարում, երբ ինչ-որ բան ֆետիշացնում են․ դա, որպես կանոն, ուշ թե շուտ բերում ա ֆետիշացվող առարկայի արժեզրկմանը, ինչը հնարավոր չէ, եթե ասելիքդ ադեկվատ է, ոչ թե պաթոսախառը ֆետիշիզմ:

Այնուամենայնիվ, իշխանական քարոզիչների՝ վերոհիշյալ միտինգն արժեզրկելու համառ ջանքերը, պնդումը, որ ակցիայի մասնակիցները պայքարում են մի բանի դեմ, որը տեղի չի ունենա, ինձ ստիպում են թեմային անդրադառնալ:

Այո՛, տիկնայք և պարոնայք քայլարաստներ, դուք իրավացի եք, ես էլ եմ վստահ, որ Նիկոլն ինքնակամ հող չի հանձնելու: Վերջիվերջո, նա էլ է մարդ, ընտանիք ունի... Ասեմ ավելին՝ Հայաստանում չի եղել ղեկավար, ով ուզել է կամ փորձել է հող հանձնել: Նույնիսկ պատերազմի ամենածանր տարիներին, երբ ԼՂԻՄ տարածքի գրեթե կեսն օկուպացիայի տակ էր, դա ոչ թե հող հանձնողների շնորհքն էր, այլ նրանց, ովքեր չէին կարողանում այդ հողը պահել: Իսկ դրանք տարբեր բաներ են: Տեր-Պետրոսյան Լևոնը և Վազգեն Սարգսյանն ուզում էին, բայց չէին կարում հող պահեին, ուր մնաց՝ ազատագրեին: Իսկ Վազգեն Մանուկյանը, Սամվել Բաբայանն ու այլք ուզում էին ու կարում էին, ինչն էլ փաստացի արձանագրվեց: Թե որն էր պատճառը, որ կարում էին, դա այլ հարց է:

Հիմա արդյո՞ք սա նշանակում է, որ ԼՏՊ-ն կամ Վազգեն Սարգսյանը դավաճան են։ Իհարկե ոչ: Ասեմ ավելին՝ սա նույնիսկ չի նշանակում, որ նրանք անպիտան էին, բայց, միանշանակ, նշանակում է, որ հող չէին կարում պահել:

Հիմա էսօր մարդկանց մի ստվար զանգված, տեսնելով թե երկրում ինչ է կատարվում, համոզված է, որ Նիկոլն էլ չի կարա հող պահի: Ու այս համոզմունքն անթիվ օբյեկտիվ հիմքեր ունի, որի մասին ես վաղը կխոսեմ «ԱԴԵԿՎԱԴԻ» եթերում: Այո՛, Նիկոլը Հայաստանի Հանրապետության դեմ կազմակերպված դավադրության հիմնական դերակատարն է: Ես վաղը կետ առ կետ ցույց կտամ, թե ինչու է Նիկոլն ազգային անվտանգության համար մեկ սպառնալիքը:

Սա է խնդիրը, սա է բողոքի ցույցի պատճառը, նույնիսկ եթե բուն բողոքավորները դա զգան բնազդաբար, ոչ թե գիտակցաբար: Ու ինչքան էլ մանիպուլացիաների դիմեք, մարդկանց ինքնապահպանման բնազդը չեք կարողանալու լռեցնել: Նիկոլը Հայաստանի պատմության ամենաապիկար ղեկավարն է, և դա փաստ է, որն արձանագրում է իր իսկ վիճակագրական կոմիտեն:

ՀԳ. Հանրահավաքի կազմակերպիչներին էլ կոչ եմ անում զերծ մնալ պաթոսից․ դրանով հայրենիքը չես փրկի: Էմոցիաները պետք է անջատել, լինել առավելագույնս սառնասիրտ ու պրագմատիկ: Էմոցիաներն առիթ են տալու հակառակորդին չեզոքացնելու պայքարի օջախները, ինչն էլ արվում է էս պահին: Ու եթե դուխներդ չի հերիքում, Նիկոլին մի երկու թթու խոսք ասեք ու ձեր դեմ իր զոմբիներին տրամադրեք, ապա ձեզնից ի՞նչ հայրենիքի պաշտպան... Պաթոսով էդ բացը չես լրացնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել