Միացյալ Նահանգներում կանանց մեծամասնության համար ամենաբարձր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների մեկ տոկոսում (տարեկան ավելի քան 845 հազար դոլար) հայտնվելու միակ հնարավորությունը ամուսնանալն է և ամուսնու ռեսուրսներից օգտվելու հնարավորություն ստանալը: Ինչպես ցույց են տվել Հյուսիսային Կարոլինայի համալսարանում անցկացված հետազոտության արդյունքները, եկամուտների միջև գենդերային տարբերությունը չի կրճատվել 90-ականներից:

Գիտնականների գնահատմամբ, տղամարդկանց շրջանում միայն 15 տոկոսին է կնոջ լրացուցիչ եկամուտը պետք եղել բաղձալի մեկ տոկոսի շեմը հաղթահարելու համար: Միևնույն ժամանակ, ամենահարուստ ընտանիքներում կանանց միայն հինգ տոկոսն է ինքնուրույն բավարար չափով վաստակել վերևում տեղ զբաղեցնելու համար:

Ուսումնասիրության հեղինակ Ջիլ Յավորսկին նշել է, որ ամենահարուստ տնային տնտեսություններում ռեսուրսների մեծ մասը վերահսկվում է տղամարդկանց կողմից: «Սա կարևոր է, որովհետև նրանք, ովքեր «մեկ տոկոսին» են պատկանում, քաղաքական, տնտեսական, սոցիալական մեծ իշխանություն և ազդեցություն ազդեցություն ունեն մեր հասարակության մեջ»,- ասել է նա: Նրա կարծիքով, սա նաև ենթադրում է, որ տղամարդիկ, որպես արդեն կայացած անհատներ ավելի մեծ ուժ ու ազդեցություն ունեն հարուստ ընտանիքներում:

Նշվում է, որ չնայած ամերիկացի կանայք ավելի հաճախ են գիտական աստիճաններ ստանում, քան տղամարդիկ, դա նրանց չի օգնում աշխատաշուկայում: Գիտնականները նաև մատնանշել են ԱՄՆ-ում առկա գենդերային խոչընդոտները բիզնեսի ոլորտում: Ըստ Յավորսկու, կանանց համար ավելի դժվար է սեփական գործի համար բանկերից վարկեր և վենչուրային ֆինանսավորում ստանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել