Azatutyun.am-ը գրում է.

Թուրքիան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանին տված իր խոստումներից С-400-ների(S-400) հարցով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն CNN Turk-ի հետ զրույցում:

«Որևէ անհրաժեշտություն չկա այլ հայտարարություններ անելու այդ գործարքի հետ կապված, դա ավարտված գործ է: Մեզ չի հետաքրքրում՝ ինչ են խոսում մյուսները», - ասել է Չավուշօղլուն:

ԱՄՆ-ը ավելի վաղ կոչ էր արել Թուրքիային հրաժարվել այդ գործարքից և փոխարենը ամերիկյան արտադրության հակաօդային համակարգեր` Patriot-ներ գնել: Ոչ պաշտոնական լուրերի համաձայն՝ Անկարային մինչև փետրվարի 15-ը վերջնաժամկետ էին տվել:

Ռուս-թուրքական գործարքը, որի արժեքը կազմում է մոտ 2,5 միլիարդ դոլար, մտահոգություններ է առաջացրել Արևմուտքում: Մի շարք երկրներ պնդում են, թե ռուսներից զենք գնելով՝ Անկարան անարգանք է հասցնում Հյուսիսատլանտյան դաշինքին: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որ Ռուսաստանի հետ նման խոշոր ռազմական գործարքի է գնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել