Azatutyun.am-ը գրում է.

Շարունակվում է Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Մոսկվա: Այսօր նա հանդիպում է հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ Ռուսաստանի մայրաքաղաքի հայկական եկեղեցու դահլիճում:

Երկուշաբթի օրը Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Հանդիպման ժամանակ երկու կողմերն էլ խոսել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններից:

ՌԴ խորհրդարանի վերին պալատի խոսնակը գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ Հայաստանի նորընտիր խորհրդարանի ղեկավարն իր առաջին այցը կատարում է Ռուսաստանում:

«Ուրախալի է, որ Դուք Ձեր առաջին արտաքին քաղաքական այցը կատարում եք Ռուսաստան: Սա խոսում է մեր երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթի մասին», - հայտարարել է Մատվիենկոն:

Վաղը՝ փետրվարի 27-ին Ազգային ժողովի խոսնակը ելույթ է ունենալու Դաշնության խորհրդի լիագումար նիստին, և սա, Մատվիենկոյի խոսքով, առաջին անգամ է, երբ Հայաստանի խորհրդարանի ղեկավարին նման հնարավորություն է ընձեռվել:

Երեկվա հանդիպմանը Ռուսաստանի Դաշնության խորհրդի ղեկավարը անդրադարձել է նաև հայաստանյան հեղափոխությանը՝ ընդգծելով, որ անցած տարվա ապրիլին տեղի ունեցած զարգացումները հայ ժողովրդի ընտրությունն է, և Ռուսաստանի համար կարևոր էր, որ այդ իրադարձություններն անցել են Հայաստանի օրենքներին համապատասխան և ունեցել են խաղաղ բնույթ:

Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին հրավիրել է Հայաստան:

ԱԺ խոսնակն ընդգծել է՝ Հայաստանի խորհրդարանում ներկայացված երեք խմբակցություններն էլ համարում են, որ հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը պետք է շարունակական լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել