«Մեր Զինված ուժերը հաղթանակներ կրած զինված ուժեր են, և մենք չպետք է առաջ գնալիս կանգնենք, իսկ առաջ գնալու համար մեզ պետք են առողջ զինծառայողներ»,- այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Խոսելով Ադրբեջանի և Հայաստանի միջև սպառազինության բալանսն ապահովելու մասին՝ նա նշել է, որ Հայաստանը չի գնալու Ադրբեջանի հետ բալանսը վերականգնելու ճանապարհով: «Դա ոչ պրակտիկ մոտեցում է: Մենք ո՛չ քաղաքական, ո՛չ ժողովրդագրական, ո՛չ տնտեսական առումով չենք կարող Ադրբեջանի հետ հավասար լինել, մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնելու որակական խնդիրներին»,- ասել է Տոնոյանը:

Նա շեշտել է, որ Հայաստանն այնպիսի ձեռքբերումներ է իրականացնում, որ հակառակորդների նկրտումները չեզոքացնելու հնարավորություն տա:

Հարցին` խոսքը «Սու» կործանիչների մասի՞ն է, Դավիթ Տոնոյանն արձագանքել է. «Նաև «Սու»-երի»:

Ինչ վերաբերում է «Սու 30» ինքնաթիռների ձեռքբերմանն ուղղված քննադատություններին, թե թանկ են, Տոնոյանը պատասխանել է. «Ինձ համար թանկ է յուրաքանչյուր շարքայինի, զինվորականի կյանքը: Եթե երկու օդաչու «Սու 30»-ով հարյուրավոր կիլոմետր հեռավորությունից կարող են կատարել խնդիր հազարավոր զինծառայողների փոխարեն, ի՞նչ թանկարժեքության մասին է խոսքը»:

Տոնոյանը նշել է, որ, այո՛, Հայաստանը սկսել է հարձակողական զենքեր գնել:

«Պաշտպանվող բանակը պարտություն է կրում, մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանողական դիրքերում: Եթե խնդիրը գնալու է ռազմական գործողությունների վերսկսմանը, մենք չենք հապաղելու»,- ասել է նա:

Ճշտող հարցին` հարձակվելո՞ւ ենք, նա պատասխանել է. «Ինչո՞ւ ոչ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել