Բրիտանական The Guardian պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է Վենեսուելայի և Կոլումբիայի սահմանին ցուցարարների ու զինվորականների միջև տեղի ունեցած բախումներին, որոնց հետևանքով կան հարյուրավոր տուժածներ: Բախումների պատճառը եղել է այն, որ Վենեսուելայի իշխանությունները թույլ չեն տվել մարդասիրական օգնությամբ բեռնված ամերիկյան բեռնատարներին երկիր մտնել:

Նշվում է, որ  զինծառայողներն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ, մինչդեռ բեռնատարները հրկիզվել են: Հայտնի է, որ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Կոլումբիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Նմանատիպ բախումներ են տեղի ունեցել նաև Բրազիլիայի հետ սահմանին, որտեղ չորս մարդ է զոհվել:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունվարից զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ ընդդեմ երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի: Ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ:

ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ աջակցություն են հայտնել ընդդիմադիր առաջնորդին, սակայն կան մի շարք երկրներ, որոնք իրենց աջակցությունն են հայտնել Մադուրոյին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել