Եթե Դուք աղքատ եք, ու չեք ընդունում Նիկոլի այն միտքը, որ խնդիրը Ձեր գլուխում է, ապա կարդացեք այս ուղերձս։

1. Դուք ունեք «զապադլո» աշխատանքների ցանկ։ Ամեն մեկի համար այդ ցանկը տարբեր է, բայց այն կա գրեթե յուրաքանչյուրի մոտ, ով դժգոհում է աշխատանքի չլինելուց։ Մեկի համար զապադլո է հարևանի կովերը կթելը, մեկի համար՝ աման լվանալը, մեկի համար էլ խալխի պամպերսը մաքրելը։ Վերացրեք այդ ցանկը, եթե ուզում եք՝ աղքատությունը վերանա։

2. Դուք ունեք իրար համար անվճար աշխատելու սովորություն՝ որպես լավություն, և ունեք իրար անվճար աշխատացնելու սովորություն։ Բայց ինչ գործ էլ սկսեք, սկզբում Ձեր ապրանքից կամ ծառայությունից օգտվելու են մտերիմները, բարեկամները, նոր հետո միայն՝ ամիսներ կամ տարիներ անց, հեռավոր մարդիկ, ում հասած կլինի Ձեր աշխատանքի բարի համբավը։ Բայց անվճար, լավության կարգով աշխատելու Ձեր տոհմավար սովորությունը հարամում և պարտքերի տակ է գցում նոր գործ դնող ցանկացած մեկիդ, իսկ ով չորով ստանում է իր ապրանքի կամ աշխատանքի վարձը, նրան հետևից հայհոյում եք ու բոլորին հորդորում չօգտվել այդ մեկից, քանի որ «կեղտոտ» մարդ է։ Թարգեք անվճար աշխատելը։ Ծայրահեղական ասացվածք է, բայց անվճար իսկի կնիկը մարդուն չի տալիս։

3. Դուք աշխատանքը համարում եք առաջ գնալու ու մի օր չաշխատելու միջոց։ Այսինքն՝ սկսած այն պահից, երբ հասկանում եք, որ այսօրվա Ձեր արած աշխատանքը պիտի անեք նաև 20-30 տարի հետո ու պիտի անեք ամեն օր, և չի գալու այն բաղձալի Չաշխատելու օրը, ահա հենց այդ օրը Դուք հրաժարվում եք աշխատելուց, որովհետև մինչև այս կամ այն մասնագետի ջեբի փողեր հաշվելն ու դրանով լավ ու վատ մասնագիտություն որոշելը պիտի իմանաք, որ կարեւորը մասնագիտություն սիրելն է, կնոջ պես, ում հետ պիտի ապրես մինչև կյանքիդ վերջ։ Իսկ սիրելի մասնագիտությամբ լավ վաստակում են ԲՈԼՈՐԸ։ 

4. Դուք աշխատանքը համարում եք չափահաս մարդու բան կամ բանակից զորացրվածի բան։ Ձեզ չեն ասել, որ մարդը սկսում է աշխատել 10 տարեկանից, սիստեմատիկ։ Այդ աշխատանքն ընդգրկում է դասեր անելը, արտադպրոցական պարապմունքները, գյուղատնտեսական կամ քաղաքային այլ աշխատանքներ։ Ու այդ ամենը պիտի տա նկատելի արդյունք, փող, կիրառական գիտելիք, այլ նկատելի հմտություն։ Եթե գնում ես դաշնամուրի ու մրցույթներ չես հաղթում, ուրեմն՝ դուրս արի։ Եթե դպրոցում ես սովորում և օլիմպիադաների չես գնում, ուրեմն՝ դա էլ քո բանը չէ, եթե քո մշակած բերքը կամ քո աճեցրած անասունը շուկայում չի դառնում փող, ուրեմն՝ դու ծնողներիդ չես սիրում, կամ նրանք քեզ չեն սիրում։ Եթե մինչև դպրոցն ավարտելը դու ինչ-որ վարպետի մոտ գոնե օգնական չես կարող աշխատել, ուրեմն՝ բարի գալուստ փտած գլուխների աշխարհ։

5. Դուք Ձեր բարոյագիտականում ունեք Ձեր կնոջից ու երեխաներից կարևոր կամ նրանց հավասար մարդիկ, օրինակ՝ Ձեր սեփական ծնողները, Ձեր քույրերն ու եղբայրները, անգամ նրանց զավակները կամ Ձեր ընկերները, ախպերությունը, փողոցային պատիվն ու հեղինակությունը։ Էսքանին գոհացնելու համար մարդը պիտի լինի գործազուրկ միլիարդատեր։ Որքան մեծացնում եք զբաղվածությունը, որքան քիչ է վաստակը, այնքան պետք է բաց թողնես էս շարքի կարևորներին։ Եթե Դուք աղքատ եք, ուրեմն՝ Ձեր կյանքում, մեծ հավանականությամբ, եղել են մարդիկ, ում Դուք կարևորել եք ավելի, քան Ձեր զավակներին։

6. Դուք ընկճվել եք մի օր, արգելակվել, ու էլ հնար չի եղել վերագործարկվելու։ Ինչ-որ բան ինչ-որ տեղ թարս է գնացել, ու դա եղել է ճակատագրական։ Եթե այդպես է, եթե ոչ մի բանի ունակ չեք, ապա վեր կացեք, եկեք, կանգնեք կառավարության առաջ ու ասեք, պահանջեք, պնդեք․ «Հայաստանը սոցիալական պետություն է, ու Դուք պարտավոր եք ապահովել մեր ու մեր երեխաների համար նվազագույն կենսական անհրաժեշտը»։ Շաբաթը 7 օր, տարին 12 ամիս եկեք ու պահանջեք։ Բայց եթե Դուք դեռ աղքա՞տ եք, ուրեմն՝ դա չեք արել։

7. Ու թեև քաջ գիտակցում եմ Նիկոլի ասած խոսքերի իրավացիությունը, այնուամենայնիվ, պիտի այս վերջին կետով դիմեմ վարչապետին։

Զգույշ եղեք, պարոն վարչապետ, աղքատներին հանդիմանելիս, քանի որ շատ կարևոր մի տեղ շատ կարևոր մեկն ասել է․ «Երանի՜ հոգով աղքատներին, քանզի նրանցն է երկնքի արքայությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել