Մայաները միակ քաղաքակրթությունն էին նախակոլումբիական Ամերիկայում, որ ունեին զարգացած գիր: Այս մշակույթի մասին լսել են բոլորը, սակայն, որպես կանոն, այն ամենի, ինչը լսել են, մեծ մեծ մասը չի համապատասխանում իրականությանը: Եկեք վեր հանենք իրականությունը միասին:

Տաղանդավոր բժիշկներ

Այս քաղաքակրթությունը յուրահատուկ բժիշկներ ուներ: Մայաների համար առաջին տեղում մշտապես առողջությունն ու բժշկությունն էին, քանի որ նրանք դրանով համադրում էին ոչ միայն հոգին ու մարմինը, այլև գիտությունն ու կրոնը: Մայաների մեջ բժիշկներ կարող էին դառնալ միայն նրանք, ովքեր լավ կրթություն էին ստանում: Բժշկության համար մայաները դիմում էին կախարդության օգնությանը, որի միջոցով նաև փորձում էին գուշակություններ անել եղանակի և ապագայի վերաբերյալ: Հնագետներն ապացույցներ ունեն այն բանի մասին, որ մայաներն օգտագործել են մարդու մազը վերքերը կարելու համար: Այս քաղաքակրթության ներկայացուցիչներն ունակ էին բուժելու ոչ միայն ոսկրերի կոտրվածքները, այլև հմուտ ատամնաբույժներ էին:

Ցավազրկում

Ապացուցված է, որ մայաները ցավազրկում էին օգտագործում: Տարատեսակ կրոնական ծեսերի համար նրանք օգտագործում էին հալյուցինոգեն դեղամիջոցներ, որոնք պատրաստում էին սնկերի հատուկ տեսակներից, տաբակից: Եթե առավել արագ արդյունքի էին ցանկանում հասնել, ապա հոգնա էին օգտագործում:

Գնդակով խաղերի համար խաղադաշտեր

Այս քաղաքակրթության ներկայացուցիչները հատուկ խաղադաշտեր էին կառուցում, որոնցում գնդակով խաղեր էին անցկացվում: Նման խաղերը մեծ հեղինակություն են ունեցել 3000 տարի շարունակ: Նախկինում մայաների բնակության վայրի ներկայիս բնակիչները մինչ օրս խաղում են նման խաղ, որը կոչվում է ուլամա: Խաղադաշտերը նախատեսված էին ոչ միայն խաղերի համար. այնտեղ անց էին կացվում նաև փառատոներ, մշակութային տարբեր միջոցառումներ, ինչպես նաև երաժշտական ներկայացումներ:

Արյունալի զոհաբերություններ

Մինչ օրս մայաների որոշ ներկայացուցիչներ շարունակում են անցկացնել այս ծիսակատարությունը: Վաղուց ապացուցված է, որ, որպես զոհ, մայաները հաճախ օգտագործում էին մարդկանց՝ ինչպես կրոնական, այնպես էլ բժշկական նպատակներով, սակայն քչերին է հայտնի այն փաստը, որ մինչ օրս մայաները պահպանում են իրենց այս հին սովորույթը: Տարբերությունն այն է, որ մարդու արյունը փոխարինել են հավի արյունով:

Մայաների մանկությունը

Մայաներն ամեն ինչ անում էին, որպեսզի նրանց երեխաները ոչ բնական ֆիզիկական հատկանիշներ ունենային: Օրինակ՝ որպեսզի երեխայի ճակատը տափակ լիներ, նրանք երեխայի ճակատին տախտակ էին ամրացնում: Երեխաներին հաճախ անվանում էի այն օրվա պատվին, որ օրը երեխան լույս աշխարհ էր եկել:

Սաունաներ

Մարմինը մաքրելու համար մայաները տաք բաղնիքներ էին ընդունում, որոնք շատ էին նմանվում մերօրյա սաունաներին: Որպես կանոն, հնագույն այս սաունաներից օգտվում էին բոլորը՝ և՛ արքաները, և՛ ցածր խավի կանայք:

Հնագույն գաղտնիք

Թե ինչն է դարձել մայաների մշակույթի անկման պատճառ, մինչ օրս հայտնի չէ: Տեսությունները, ինչպես կարող եք կռահել, բազմաթիվ են: Ոմանք կարծում են, որ մայաների բնակության տարածքում ներխուժում ու ավիրում է եղել, մյուսները՝ որ մայաները կորցրել են իրենց հիմնական առևտրային ճանապարհները, իսկ երրորդները՝ որ մայաները տեղափոխվել են:

Իրական մշակույթ

Այսօր գոյություն ունի շուրջ 7 միլիոն մայա: Շատ ներկայացուցիչներ մինչ օրս պահպանել են իրենց հնագույն մշակութային ժառանգությունը: Կենտրոնական Ամերիկայի երկրներում, Գվատեմալայում, մեքսիկական մի շարք նահանգներում ժամանակակից մայաների խոշոր բնակատեղիներ կան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել