Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն այսուհետ նոր աշխատանք ունի. «Երկիր Մեդիա» հեռուստաալիքով վարում է «Բարև, Երկիր» ծրագիրը: BlogNews.am-ի հետ զրույցում Մարիամը նշեց, որ սա իր երազանքներից մեկն էր, որի մասին, իհարկե, չէր խոսում:

«Ինձ զանգահարեց հաղորդման պրոդյուսեր Արման Պետրոսյանը և առաջարկեց վարել հաղորդումը: Առաջարկը միանգամից եմ ընդունել, որովհետև սա ինձ համար նոր և շատ կարևոր փորձություն է: Իհարկե, հաղորդմանը պետք է ավելի լուրջ վերաբերվել, քանի որ սա ինստագրամյան կամ ֆեյսբուքյան ուղիղ եթեր չէ, այստեղ քեզ հազարավոր մարդիկ են նայում, ինչից դու կարող ես լարվել: Չնայած պետք է խոստովանեմ, որ լարվածությունս միանգամից կորել է, քանի որ կողքիս շատ լավ գործընկերներ կան»:

Մարիամը նշում է, որ փորձնական եթերից հետո հաջորդ օրն արդեն ուղիղ եթեր է մտել. «Շաբաթ օրն արդեն եթերում էի: Հիմա արդեն շատ հանգիստ եմ, կարողանում եմ հյուրերի հետ երկխոսության մեջ մտնել: Արդեն չորս եթեր է՝ վարում եմ առավոտյան ծրագիրը»:   

Մարիամը նախապես ունենում է հաղորդման տեքստերը, իմանում է՝ ովքեր են լինելու հյուրերը և ինչ բնագավառից են, բայց զրույցն արդեն ինքնուրույն է վարում. «Իմ առօրյան շատ է փոխվել։ Ես սովորաբար արթնանում էի ժամը երկուսին, իսկ հիմա՝ յոթին, որպեսզի հասնեմ եթերին: Շատ եմ սիրում նոր կարգավիճս։ Ի դեպ, ես եթերում այնպիսին եմ, ինչպիսին կամ, չեմ փորձում ավելին երևալ: Եթե դերասանական արվեստը մասնագիտությունը է, որը ես սիրում եմ և փորձում եմ զարգացնել, ապա հաղորդավարի գործին ես նայում եմ որպես աշխատանքի: Սրա մասին ես երազել եմ, բայց երբևիցե չեմ արտահայտվել․ ես միշտ գաղտնի եմ պահում իմ երազանքները»:

Խոսելով արձագանքների մասին՝ ասում է, որ դրանք բավականին դրական էին. «Հարազատներս և ընտանիքիս անդամներն ինձ շատ են քննադատում, իհարկե, լավ իմաստով, երբեք չեն ասում՝ վայ, ինչ լավն էիր, հրաշք ես դու, հակառակը, ինձ միշտ ասում են՝ ինչ վատն ես, որպեսզի առաջ գնամ, իսկ ես ապացուցում եմ, որ ավելին կարող եմ: Ես գտնում եմ, որ, քսանմեկ տարեկան լինելով, կարողանում եմ ինձ դրսևորել իմ մասնագիտության մեջ»:

Ինչ վերաբերում է Գոռի արձագանքին՝ Մարիամը նշում է. «Նրա մոտ կար և՛ լարվածություն, և՛, միևնույն ժամանակ, հպարտություն: Ինքն այնպիսի արձագանք տվեց, որ ես մտածում էի՝ տխրե՞ց, թե՞ ուրախացավ: Այսօր առաջին անգամ խոստովանեց, որ երեք հաղորդումներն էլ նայել է և ինձնից շատ գոհ է»:

Այն հարցին՝ արդյոք որոշումները սպոնտա՞ն է ընդունում, Մարիամը նշում է. «Իմ բախտը միշտ բերել է․ եթե հենց այդ պահին որոշում եմ կայացրել, միշտ ինձնից գոհ եմ եղել, բայց երբ երկար եմ մտածում, սկսվում եմ խճճվել: Ամենակարևոր մարդու՝ Գոռի խորհուրդները ես միշտ լսում եմ․ դա նրանից է, որ ինձնից տարիքով մեծ է և այս բնագավառում ավելի շատ է եղել, քան ես: Պարզապես այս տարի իմ կյանքում ամեն ինչ փոխվել է թե՛ անձնական, թե՛ գործնական առումով: Մի տարվա մեջ խաղացի գլխավոր հերոսուհու կերպարներում այնպիսի հեռուստաալիքներում, որոնց մասին երազել եմ»:  

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել