Armenpress.am-ը գրում է.

Երևանի Սարյան փողոցի և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածի այգու դիմացի գետնանցումը վերանորոգվում է: Նախկին հանրախանութի տարածքում «Տաշիր գրուպ» ընկերությունն սկսել է շինարարական աշխատանքը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Գևորգյանը:

««Տաշիր գրուպ»-ը՝ որպես Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգու կառուցապատող, պարտավորություն է ստանձնել նաև սեփական միջոցներով բարեկարգել գետնանցումը»,- ասաց Գևորգյանը:

Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգու («Մալիբու» սրճարանի հարակից հանգստյան գոտու) բարեկարգման աշխատանքները ևս իրականացվել են Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում:

Մաշտոցի պողոտայի այդ գետնանցումում տիրող իրավիճակը բազմիցս քննադատության է ենթարկվել՝ այնտեղ տիրող գարշահոտության, մթության պատճառով:

Փետրվարի 15-ին լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել էր, որ  մայրաքաղաքի գետնանցումները կբարեկարգվեն կամ մասնավորից հետ կվերադարձվեն համայնքներին:  Նա նշել էր, որ Երևանի քաղաքապետարանը սկսել է գույքագրել բոլոր գետնանցումները: Դրանցից մեծ մասը  գնվեն և ունեն սեփականատերեր: Մարությանի խոսքով` գետնանցումների սեփականատերերը իրենց  պարտավորությունները կատարելու  պատրաստակամություն են հայտնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել