Անգլալեզու Al Jazeera կայքում հոդված է հրապարկվել Սիրիայից եկած հայ ոսկերիչների մասին, որոնք Հայաստան են եկել իրենց երկրում պատերազմի սկսվելուց հետո։

Վահե Հովհաննիսյան, 31-ամյա ոսկերիչ, աշխատում է Երևանում գտնվող իր արհեստանոցում։ Դատարկ սուրճի բաժակ, լցված մոխրաման, ունելի, ուժեղացուցիչ, կշեռք. այս ամենը դրված է նրա դիմաց՝ իր սեղանի վրա, և սրանց օգնությամբ նա ստուգում է նշանադրության համար նախատեսված մատանիների չափսերը։ Արհեստանոցի անկյունում կախված է Հիսուս Քրիստոսի փոքրիկ պատկերը։ Արհեստանոցի տարածքում աշխատողները փոխանակում կամ վաճառում են մատանիներ, թևնոցներ, ժամացույցներ և այլ ոսկերչական իրեր։ Այսպիսին է երևանյան «Ոսկու շուկայում» տիպիկ առավոտը։

Վահե Հովհաննիսյանն այն հազարավոր հայերից մեկն է, որոնք Հայաստան են տեղափոխվել Սիրիայում սկսված պատերազմից հետո։ Ընդամենը երկու տարի առաջ նա ապրում էր Հալեպում՝ ամեն օր աշխատանքի գնալիս թաքնվելով դիպուկահարների փամփուշտներից։

«Ամեն օր, լքելով բնակարանս, ես գիտակցում էի, որ չի կարելի աջ թեքվել։ Միշտ հարկավոր է ձախ թեքվել, հակառակ դեպքում ինձ կսպանեին։ Մեր շրջանում փոքրիկ հողատարածք կար, որը պետք է հատեի աշխատանքի վայր հասնելու համար։ Ես գիտեի, որ այնտեղ դիպուկահար կա, և արագ վազելով էի անցնում այնտեղով։ Ամեն օր ստիպված էի վազել»,- հիշում է Վահեն։

2016 թ. սկզբին Հալեպում կառավարական զորքերի հարձակման արդյունքում Հովհաննիսյանների տան դիմաց հրթիռ ընկավ ու գրեթե ամբողջությամբ ոչնչացրեց կառույցը։

«Այն ընկավ ուղիղ մեր տան վրա։ Փախչելը կամ թաքնվելն անիմաստ էր։ Այդ պահին ես հասկացա, որ հարկավոր է լքել Սիրիան»,- շարունակում է Հովհաննիսյանը։ Նա տաքսու վարորդի է վարձել, որը նրան իր ծնողների ու Վիտո անունով կատվի հետ հասցրել է սահմանի մոտ, որտեղից էլ ընտանիքը հասել է Բեյրութ՝ ինքնաթիռով Երևան գալու համար։

«Մենք կարողացանք վերցնել մեզ հետ միայն առաջին անհրաժեշտության իրերն ու հագուստ։ Ամեն ինչ այնտեղ է մնացել։ Տան բանալին տվել ենք հարևանին»,- ասում է Վահեն։

Հովհաննիսյանների, ինչպես նաև հազարավոր այլ հայերի համար շատ տարիներ առաջ Հալեպն ապաստան էր դարձել Օսմանյան կայսրությունից փրկվելու համար։ «Հայերը Սիրիայում ապրել են դարեր շարունակ։ Մեծ սփյուռք է ձևավորվել հայերի ցեղասպանությունից հետո։ Այդ ողբերգության մասին հիշողությունը նրանց մշակութային ժառանգության կարևորագույն մասն է կազմում»,- կարծում է Ադամ Պոմեչինսկին՝ Ադամ Միցկևիչի անվան մարդաբանության և ազգագրության համալսարանի պրոֆեսորը։

Վահեն ապրում է եղբոր՝ Զարեհի և ծնողների՝ Անդրանիկ Հովհաննիսյանի և Վերգին Խաչատրյանի հետ։ 1946 թ. նրա նախնիները հիմնվել են Հալեպում, որտեղ ընտանիքն ապրել է 70 տարի։ Անդրանիկի հայրն աշխատել է Լիբիայում, որպեսզի կարողանա պահել ընտանիքը։ Մինչև պատերազմի սկիզբը նրանցից ոչ ոք չէր եղել Հայաստանում։ «Այս երկիր գալը փախստականի կարգավիճակում չափազանց ճնշող է։ Առաջին օրերը Երևանում դժվար էին։ Չնայած որ ես հայերեն գիտեմ, ես ոչինչ չէի հասկանում, երբ խոսում էի մարդկանց հետ։ Նրանք այնքան շատ ռուսերեն բառեր ու արտահայտություններ են օգտագործում իրենց խոսքում, իսկ նախկինում ես ռուսերեն երբեք չէի լսել»,- ասում է ոսկերիչը։ Իրավիճակը բարդացրել է տնտեսական վատ վիճակը, գործազրկությունը, աշխատանքի ցածր վարձատրությունը և բնակարանի բարձր վարձը։

«Նրանք ամեն ինչ պետք է սկսեն սկզբից, և, իհարկե, հանդիպեն մի շարք դժվարությունների։ Հայաստանում սիրիահայերի առջև ծառացած խնդիրները տնտեսական են»,- ասում է Հրաչ Չիլինգարյանը՝ սոցիոլոգ, Օքսֆորդի համալսարանի դասախոս և հայագիտության ու Մերձավոր Արևելքի մասնագետ։

Հենց այս տնտեսական պատճառներով էլ շատերը առևտրականությամբ են այսօր զբաղվում։ Դա հատկապես ակնհայտ է ծառայության ոլորտում. Երևանի ողջ տարածքում հայտնվել են սիրիական խոհանոցի ռեստորաններ։

Սա հրաշալի նորություն է նաև հենց Հովհաննիսյանի համար, որը կարոտում է սիրիական ուտելիքներին։ Նա գնում է հայրենակիցների կողմից հիմնադրված ռեստորաններ, որպեսզի ճաշակի իր սիրելի ուտեստներն ու երաժշտություն լսի, ինչպես անում էր Հալեպում։

Վահեն հիմնականում աշխատում է 12 ժամ շարունակ, եղբոր հետ, ով ևս մասնագիտությամբ ոսկերիչ է. «Ոսկերչական գործը հայերի մասնագիտությունն է։ Մեր նախնիները պահպանել են այդ արհեստը՝ փախչելով Արևմտյան Հայաստանից»։

13 տարեկանում Վահեն թողել է դպրոցը և գնացել Բեյրութ՝ իր հորեղբոր մոտ։ Վերջինս ոսկերչական խանութ ուներ և սովորեցնում էր զարմիկին արհեստի հիմունքները. «Ինձ դուր է գալիս ոսկերչությունը։ Եթե ես ուժերս այլ բնագավառում փորձեի, ապա նման վարպետության հաստատ չէի հասնի»։

Հովհաննիսյանի արհեստանոցում աշխատում է նաև մեկ այլ սիրիահայ՝ Վրեժ Սրապյանը, ով ակրիլով է պատում նռան տեսք ունեցող արծաթե կախազարդերը, սակայն նման կախազարդն արժե ընդամենը 700 դրամ։ Բնակարանի, արհեստանոցի վարձավճարներն ու այլ ծախսերը հոգալու համար Սրապյանն աշխատում է նաև գիշերը։

Պիեռ Աքելյանը՝ Հայկական ոսկերչական ֆոնդի ղեկավարը, կարծում է, որ ոսկերչական գործը «հայկական ԴՆԹ-ի» մի մասն է. «Անհիշելի ժամանակներից ի վեր հայերը ոսկերիչներ ու մետաղի վարպետներ են եղել։ Հայերը ոսկերչական գործում նույնն է, թե շվեյցարացիները՝ ժամացույցների արտադրությունում»։ Աքելյանը մեծացել է Հալեպում, սակայն 1970 թ. տեղափոխվել է Կանադա։

Այն ժամանակից ի վեր, երբ կառավարական զորքերը ազատագրեցին Հալեպը, քաղաքում կյանքը գնալով վերականգնվում է։ Սակայն տեղի հայկական սփյուռքը փոխվել է։ Մոտ 70.000 հայեր լքել են քաղաքը, և այսօր այնտեղ կա շուրջ 30.000 հայ։ Մեծ մասը վերադարձել է Հայաստան, իսկ մյուսները բռնել են Լիբիայի, Կանադայի, ԱՄՆ-ի կամ եվրոպական երկրների ճամփաները։

«Ամեն ինչ փոխվել է։ Մարդիկ, որոնց ես ճանաչում էի, այլևս այնտեղ չեն։ Ոչինչ այլևս առաջվանը չի լինի»,- ասում է Հովհաննիսյանը, ով դեռ հույս ունի մի օր Սիրիա վերադառնալու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել