168.am-ը գրում է.

Հանոյում ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարներ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ունի գագաթնաժողովը, որը նախատեսված է փետրվարի 27-28-ին, կարող է կրճատվել մինչեւ մեկ օր: Այդ մասին հայտնել է YTN հարավկորեական հեռուստաալիքը՝ հղում անելով Վիետնամի եւ ԱՄՆ-ի քաղաքական շրջանների մի քանի աղբյուրների:

Նրանց տվյալներով՝ ավելի վաղ պլանավորվում էր, որ ղեկավարները միմյանց հետ կշփվեն փետրվարի 27-ին եւ 28-ին, սակայն պլանները փոխվել են եւ այժմ, ամենայն հավանականությամբ, Կիմ Չեն Ունը եւ Թրամփը կսահմանափակվեն միայն մեկ օրով: Ի հաստատումն այս վարկածի, հեռուստաալիքը վկայակոչում է Հանոյում ԱՄՆ-ի պատվիրակության գտնվելու ծրագիրը, որը հայտնվել է նրա տրամադրության տակ:

Փաստաթղթի համաձայն, Թրամփը փետրվարի 27-ին հանդիպումներ կանցկացնի Վիետնամի ղեկավարության հետ, իսկ Կիմ Չեն Ունի հետ բանակցությունները պլանավորված են հաջորդ օրը: Հեռուստաալիքի կողմից հարցված փորձագետները տարակարծիք են եղել այս փոփոխությունների պատճառների հարցում: Ոմանց կարծիքով, դա կարող է խոսել այն մասին, որ ԱՄՆ-ը եւ ԿԺԴՀ-ն չեն կարողացել համաձայնության գալ միջուկազերծման շուրջ:

Մյուս մասնագետները, ընդհակառակը, գտնում են, որ բոլոր այդ հարցերն արդեն համաձայնեցված են նախնական կոնսուլտացիաների ընթացքում, ուստի երկու երկրների ղեկավարներին մնում է միայն հաղորդակցվել միմյանց հետ եւ ստորագրել արդեն պատրաստ համաձայնագիրը, ինչի համար երկու օր չի պահանջվի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել