Tert.am-ը գրում է.

Մենք հասկանում ենք, որ Հայաստանն այնպիսի դրության մեջ է, որ պետք է աշխատել բազմավեկտոր: Բայց մենք ուզում ենք, որ հայ ժողովուրդն էլ հասկանա, որ ՌԴ-ի դիմաց ծառացել են բազում մարտահրավերներ, բազում խնդիրներ, մեր գլխին թափվել են պատժամիջոցներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի ռազմական փորձագետ, Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը։ Ըստ նրա՝ Հայաստանն իրենց չի կարող օգնել, միայն իրենք իրենց կարող են օգնել, «միայն մենք կարող ենք դուրս գալ այս վիճակից, բայց մենք ուզում ենք, որ մեզնից չակնկալեն հավելյալ գործողություններ»: «Մենք եղբայրներ ենք, ու եղբայրը պետք է եղբորը հասկանա, ասի, որ «եղբայր, քեզ համար բարդ է, դու պետք է դուրս գաս այս վիճակից, խնդիրներ ունես, երբ խնդիրներ չես ունենա, ես կգամ»: Չկարծեք, թե մենք չենք օգնում Հայաստանին, ոչ, այս ամենով հանդերձ մենք հիմա էլ օգնում ենք»,- հավելեց Կոնովալովը:

- Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետ հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության մեջ փոփոխություններ կամ վերանայումներ եղե՞լ են, թե՞ ամեն ինչ առաջվա պես է:

- Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցությունը բարձր մակարդակի է, և մենք չենք կարող մեզ թույլ տալ նվազեցնել համագործակցության մակարդակը: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը չեն կարող իրենց թույլ տալ նվազեցնել այս համագործակցությունը, որովհետև Հայաստանը Ռուսաստանի համար Հարավային Կովկասում միակ գործընկերն է, իսկ Ռուսաստանը Հայաստանի համար միակ երկիրն է, որը կրիտիկական բոլոր պահերին Հայաստանի կողքին է և կաջակցի ՀՀ-ին՝ եթե ոչ ռազմական, ապա դիվանագիտական ճանապարհով: Չեմ կարծում, որ ռազմաքաղաքական համագործակցության մեջ բան է փոխվել, ամեն ինչ առաջվա պես է:

Իսկ թե ինչ է փոխվել, փոխվել է այն, որ Հայաստանում տեղի է ունեցել, ինչպես դուք եք ասում, հեղափոխություն: Մենք սա հեղափոխություն չենք համարում, մենք կարծում ենք, որ տեղի է ունեցել իշխանափոխություն, որովհետև արմատական փոփոխություններ երկրի ներքին, արտաքին և այլ ոլորտներում չեն եղել: Միակ բանը, որին մենք սպասում ենք, հույս ունենք, որ գործող իշխանությունների կողմից հայտարարված արտաքին քաղաքական վեկտորը կպահվի:

- Պարո՛ն Կոնովալով, Դուք ասում եք, որ ոչինչ չի փոխվել, բայց ռուսական մամուլը հեղափոխությունից հետո գրում էր, որ պաշտոնական Մոսկվան չի վստահում Հայաստանի նոր իշխանություններին:

- Տեղի ունեցավ որոշակի դադար: Ռուսաստանը գնահատում էր Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, բայց Հայաստանի ու Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները չեն փոխվել, այս մակարդակը պահվելու է: Ես գիտեմ, թե Հայաստանում որոշակի փորձագիտական խմբեր ինչ տեսակետներ են հայտնում: Նրանք ասում են, որ չգիտես ինչու՝ Ռուսաստանը Հայաստանին պետք է ամեն ինչ անվճար տրամադրի, այդ թվում՝ սպառազինությունը: Բայց լսե՛ք՝ Ռուսաստանը բազում խնդիրներ ունի, մենք պատերազմում ենք Սիրիայում, հակասություններ ունենք ՆԱՏՕ-ի հետ, մտածում ենք մեր երկրի անվտանգության ապահովման մասին, բայց չենք մոռանում, որ Հայաստանի անվտանգության ապահովումը կապ ունի Ռուսաստանի անվտանգության ապահովման հետ: Կրկնում եմ, ՀՀ անվտանգությունը ՌԴ անվտանգության մի մասն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել