168.am-ը գրում է.

2020 թվականին Արցախում նախագահական ընտրություններ տեղի կունենան: Առայժմ երեք հիմնական թեկնածուի անուն է շրջանառվում. Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյան, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար  Վիտալի Բալասանյան, նախկին ՊԲ հրամանատար Սամվել Բաբայան:

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ հայտ ներկայացրածները մարդիկ են, ովքեր  լումա ունեն:

«Մենք պետք է սպասենք, թե ինչո՞վ են հանդես գալիս: Հայտ ներկայացնելը մեկ բան է, ծրագրով հանդես գալը՝ այլ: Եթե այնտեղ սադրիչ գործողություններ տեղի չունենան, մենք կունենանք հետաքրքիր ընտրություններ: Արցախը միշտ լեգիտիմ իշխանություն է ունեցել: Գիտե՞ք՝ ամեն անգամ ես  Արցախի ընտրություններն օրինակ եմ բերել: Միայն Արցախում էր ընդդիմությունը 20 տոկոսից ավելի ձայներ հավաքում:

Այսինքն, այնտեղ տեղի են ունեցել արդար, մրցակցային ընտրություններ: Եվ հիմա, եթե ուզում են ամեն ինչ սևացնել ու այդ ֆոնին սպիտակ երևալ, դա ամենավատ ու սխալ գործողությունն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լարիսա Ալավերդյանը՝ ընդգծելով, որ այդ ուժերը կարող են և՛ Երևանից, և՛ Արցախից լինել:

«Իսկ եթե որևէ մեկը թույլ կտա իրեն արագացնել այդ գործընթացը, դա կլինի այն ուժը, որն ուզում է տապալել ամբողջ արցախյան հարցը: Այդ հարցում շտապողականությունն ավելի վատ է»,- հավելեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել