Օսթինում (ԱՄՆ) Տեխասի համալսարանի գիտնականները ծերության գենը ոչնչացնող դեղերի համադրության առաջին կլինիկական փորձերն են անցկացրել մարդկանց վրա։ Հետազոտողների կարծիքով՝ ձեռք բերված արդյունքները խոստումնալից են: Այս մասին հայտնում է Science Alert-ը:

Փորձարկումներին մասնակցել են արագ մահվան հանգեցնող թոքերի ֆիբրոզով ախտահարված 14 հիվանդ։ Երեք շաբաթվա ընթացքում նրանք ստացել են դազատինիբի 9 չափաբաժին, որի կազմում ներառել են բազմաթիվ կենսաբանորեն ակտիվ հավելումներ։

Համադրված դեղամիջոցը նպաստում է ծերության ֆենոտիպ ունեցող բջիջների ոչնչացմանը, որոնք լուրջ վնասվածքներ ունեն, բայց չեն ոչնչանում, այլ շարունակում են գեներացնել կենսաքիմիական ազդակներ, որոնք նպաստում են մնացած բջիջների ծերացմանը։

Փորձարկման ավարտին հիվանդները ունակ են եղել ավելի երկար քայլելու, ինչպես նաև ցուցադրել են վիճակի բարելավման այլ նշաններ։ Գիտնականների կարծիքով՝ թեպետ փորձարկումները նախնական են, սակայն դրանք ապացուցեցին, որ դեղամիջոցը կարող է օգտակար լինել տարիքային հիվանդությունների բուժման ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել