ԱՄՆ Ռաթգերի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ օրական 20-ից ավելի սիգարետ ծխելը նպաստում է գունային տեսողության կորստին: Այս մասին հաղորդվում է EurekAlert-ի մամլո հաղորդագրությունում:

Հետազոտության մեջ ընդգրկվել է 71 առողջ մարդ, որոնք ամբողջ կյանքի ընթացքում 15 սիգարետից ավել չեն ծխել և ծխախոտից կախվածություն ունեցող, օրական երկու տասնյակից ավել սիգարետ օգտագործող և ծխելը թողնելու փորձեր չձեռնարկող 63 անձ: Կամավորների տարիքը եղել է 25-ից 45-ի սահմաններում:

https://metaisskra.com/wp-content/uploads/2019/05/karma_zrenia.jpg

Հետազոտողները թեստեր են անցկացրել, որի ընթացքում որոշվել է մասնակիցների պատկերի և գույնի կոնտրաստը տարբերելու ունակությունը: Նրանք նստել են կատոդային ճառագայթման խողովակով էկրանից 150 սմ հեռավորության վրա, որին տեսողական խթաններ են ցուցադրել:

Պարզվել է, որ ծխողները կարմիր, կանաչ, դեղին և կապույտ գույների նկատմամբ զգայունության զգալի փոփոխություններ են ունեցել: Բացի դրանից՝ նրանց մոտ նվազել է կոնտրաստը և գույները տարբերելու ունակությունը, ի տարբերություն չծխողների:

Գիտնականները դա բացատրում են ծխախոտի ծխի մեջ թունավոր նյութերի պարունակությամբ, որոնք ազդում են տեսողական ազդանշանների մշակումն իրականացնող ուղեղի հատվածի վրա: Բացի այդ՝ դրանք կարող են վնասել արյունատար անոթները և ցանցաթաղանթի նյարդային մանրաթելերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել