Յուրաքանչյուր երկրում և անգամ յուրաքանչյուր քաղաքում կան վայրեր, որոնք խորհրդավոր գաղտնիքներով են ողողված, և Միացյալ Թագավորության հայտնի քաղաք Էդինբուրգը բացառություն չէ։

Հեռավոր անցյալում սա սովորական քաղաք էր Շոտլանդիայում։ Սակայն ժամանակը հոսում է, և շրջակայքում ամեն ինչ փոփոխվում էր։ Արդեն XVII դարի սկզբին Էդինբուրգը բավականին խոշոր ու ծաղկուն քաղաք էր։ Այնտեղ էր ապրում Ալեքսանդր Քինգը՝ այն ժամականերում շատ հարուստ ու հայտնի մի իրավաբան։ Քինգի ունեցվածքն այնքան մեծ էր, որ նա կարողացավ սեփականացնել քաղաքի մի փոքրիկ շրջանը։ Այս գործերով հիմնականում զբաղվում էր նրա դուստրը՝ Մարիա Քինգը։

Հենց այդ նույն ժամանակ Եվրոպայում սարսափելի դժբախտություն ի հայտ եկավ՝  ժանտախտի համաճարակը։ Անգամ չնայած այն բանին, որ Բրիտանիան կղզային պետություն էր, հիվանդությունն այստեղ էլ հասավ։ Ամեն օր երկրում մահանում էին հարյուրավոր ու հազարավոր տարեցներ, մեծահասակներ ու անգամ եեխաներ։ Բժիշկները չէին կարողանում պայքարել հիվանդության դեմ և հաճախ հորդորում էին պարզապես հիվանդներին ուղարկել այսպես կոչված «մեկուսի վայր»։

Էդինբուրգում իշխանությունները որոշեցին նման «մեկուսի» հաստատություն կառուցել այն տարածքում, որը տեղացիներն անվանեցին «Մերի Քինգի քաղաք», և ոչ մի տարօրինակ բան այս անվան մեջ չկար. չէ՞ որ աղջիկը հայտնի էր որպես լավ կազմակերպիչ ու կառավարիչ։ Աղջկա կողմից կառավարվող շրջանում չնայած որ ապրում էին նաև աղքատ մարդիկ, միևնույն է, փողոցները միշտ մաքուր էին, հանցագործություններ գրեթե չէին կատարվում։

Մեկուսի հաստատությունը հենց Քինգերի սեփականություն համարվող տարածքում կառուցել որոշեցին մի քանի պատճառներով. շրջանը քաղաքի մյուս մասից ավելի ցածր դիրքի վրա էր գտնվում, իսկ նեղ փողոցներն ու գրեթե ամբողջությամբ փակ տարածությունը շատ հարմար էր հաստատության նպատակների համար։

«Մերի Քինգ» քաղաքի բնակիչներին իշխանությունները ստիպված եղան վերաբնակեցնել, իսկ բոլոր հիվանդներին տեղավորեցին նրանց տներում։ Անցան օրեր ու շաբաթներ, իսկ վարակվածները գնալով շատանում էին։ Բժիշկները, որոնք ամեն օր այցելում էին այս վայր, հասկանում էին, որ այս հիվանդներին բուժել չեն կարող. նրանք բոլորը մահվան են դատապարտված։

Մի անգամ ծնողներն այստեղ բերեցին ու թողեցին իրենց դստերը՝ Էննին։ Համաձայն լեգենդի՝ ծնողները երեխային թողել էին առանձին սենյակում և հեռացել էին։ Պատճառն Էննի հիվանդությունն էր՝ ժանտախտը։

Աղջիկը մահացավ, ինչպես և «Մերի Քինգի փակ քաղաքի» հազարավոր այլ բնակիչներ։

Սարսափելի համաճարակից արդեն մեկ դար անց նոր սերնդի քաղաքացիներն ապամոնտաժեցին այն ամենը, ինչը մնացել էր «փակ քաղաքից», և ստեղծեցին լիովին նոր շրջան։ Իսկ այն կատակոմբերում, որոնք մնացել էին «Մերի Քինգի քաղաքից», քչերն էին հայտնվում։ Սակայն նրանք, ում դա հաջողվում էր, պատմում էին, որ այնտեղ տարօրինակ ձայներ են լսվում, իսկ ոմանք հանդիպել են Էննի հոգուն։

Այս խորհրդավոր պատմությունները հետաքրքրել են մամուլին. թերթերում դրա մասին հոդվածներ են գրվել ու ամբողջական հետազոտություններ են արվել։

2003 թ. ավարտվեց փակուղու այն հատվածի վերակառուցումը, որը պահպանվել էր։ Նույն տարում «Մերի Քինգի փակուղին» պաշտոնապես բացվեց զբոսաշրջիկների այցելությունների համար։ Մեկ ժամ այնտեղ անցկացնելուց հետո յուրաքանչյուրն իր յուրահատուկ տպավորություններն է ունենում. ոմանք ասում են, որ ոչ մի հոգի էլ այնտեղ չկա, իսկ մյուսները նշում են, որ Էննը հանդիպել է նրանց և գրկախառնվել։ Նրանք, ովքեր հավատում են, որ փոքրիկ Էննի հոգին դեռ փակուղում է ապրում, նրան տիկնիկներ են բերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել