Այսօր` 22:15-ին, ֆուտբոլի մեր ազգային հավաքականը Կոպենհագենում հանդիպում է Դանիայի ընտրանու հետ: Ակնհայտ է, որ մեր ազգային ընտրանին այսօր իր բարձունքի վրա չէ և խոշոր հաշվով, զրկված է Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից: Հավաքականի հաջողության նկատմամբ մեր վերապահումը առավել ընդգծված է դարձել հատկապես Մալթայի ընտրանուն սեփական հարկի տակ պարտվելուց հետո: 

Վերջին անհաջողությունից հետո ֆուտբոլասերների շրջանում և մամուլում աճել են հոռետեսական տրամադրությունները, որոնք որոշ դեպքերում հանգեցվում են քննադատության, իսկ որոշ դեպքերում էլ հատում թույլատրելիի սահմանը` հասնում անձնական վիրավորանքների, առավել սրելով առանց այդ էլ առկա վատատեսական տրամադրությունները: Անշուշտ, ֆուտբոլային անհաջողությունները իրենց պատճառներն ունեն, և մեզանից յուրաքանչյուրին է հետաքրքիր, թե ինչպես է հնարավոր թիմում ունենալ ԱՊՀ երկու ամենաուժեղ առաջնությունների լավագույն ռմբարկուներին և 5 խաղում երկու գոլ խփել և այլն:

Սակայն, պետք է ընդունել, որ մեր սպասելիքները ֆուտբոլի ազգային հավաքականից այսօր տարբեր են, քան էին մի քանի տարի առաջ: Ընտրական նախորդ ցիկլում հավաքականի ցուցադրած խաղը բոլոր ֆուտբոլասերներին ստիպել է յուրաքանչյուր խաղում սպասել միայն հաղթանակի, անկախ հանգամանքից, թե որ հավաքականի դեմ ենք խաղում կամ որտեղ ենք խաղում: Նման սպասումներին նպատել է նաև իրողությունը, որ հավաքականի առաջատարները` Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը ակումբային մակարդակում փայլուն են հանդես գալիս: Ավելորդ է ասել գլխավորը` մեր ազգային ընտրանին այսօր իսկապես ի զորու է հաղթելու ցանկացած մրցակցի: 

Անհրաժեշտ է գիտակցել, որ հավաքականի մնացած ելույթները նպատակ ունեն ոչ միայն բարելավելու աղյուսակային ներկա իրավիճակը, այլև վերականգնելու վստահությունը սեփական ուժերի հանդեպ, որպես լավ հիմք ապագա ընտրական ցիկլին ընդառաջ: Մենք պարտավոր ենք հավաքականի կողքին լինել միշտ: Մենք պարտավոր ենք տղաներով հպարտանալ միշտ: Պարտավոր ենք տղաներին հավատալ միշտ: Վերջապես, պարտավոր ենք տղաներից հաղթանակ ակնկալել միշտ: 

Ես հավատում եմ մեր ազգային ընտրանուն: Հավատում եմ, որ տղաները դեռ իրենց մասին խոսել տալու են, իրենցով հպարտանալու բազում առիթներ տալու են: Մեր ազգային հավաքականի աստեղային ժամը դեռ առջևում է: Այն ապագայի հավաքական է: Բոլոր երկրպագուները հավաքականի հաղթանակին հավատում են նաև այսօր: Հավատալու ենք նաև վաղը, անկախ այսօրվա խաղի արդյունքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել