428 թ. Մեծ Հայքում Արշակունիների թագավորությունն անկում ապրեց, սակայն Հայաստանը չէր կորցնում իր ինքնուրույնությունը։ Երկրի ճակատագիրն առանց թագավորի փոքր-ինչ անորոշ էր. այն կառավարում էին հայ սպարապետն ու մարզպանը, առաջինը՝ որպես բանակի զորահրամանատար, երկրորդը՝ քաղաքացիական ղեկավար, որն անվանապես ենթարկվում էր պարսից արքային։

Տնտեսության կառավարումը հազարապետի ձեռքերում էր, իսկ արդարադատությունն իրականացնում էր կաթողիկոսը։ Փաստացիորեն երկիրն ուներ ոչ միայն լայն ավտոնոմիա, այլև, ըստ էության, պահպանում էր պետակա կառավարման իրեն յուրահատուկ ձևը։

430-ականներին պարսից արքա Հազկերտ II-ը սկսեց նոր քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ։ 10 տարի անց պարսից արքան ինքն իր առջև նպատակ դրեց արմատախիլ անել հայերի ինքնուրույնությունը և նրանց զրադաշտ դարձնել։

449-ի գարնանը Հայաստան նամակ ուղարկվեց, որում ուղիղ պահանջ էր ներկայացվում հայերին՝ հրաժարվել իրենց հավատքից։ Նամակը քննարկելու համար Արտաշատում հավաքվեցին աշխարհիկ ու հոգևոր ղեկավարները՝ 17 նախարար և 17 եպիսկոպոս։

Ժողովի ընթացքում՝ երկար քննարկումներից հետո, որոշվեց պատասխան նամակի բովանդակությունը։ Նամակում հայերը հարգալից եղանակով, սակայն վիճարկելով պարսից արքայի իշխանությունը հստակորեն հրաժարվեցին փոխել իրենց հավատքը՝ պնդելով, որ գերագույն իշխանն իրավունք չունի վերահսկելու իր ենթակաների հավատքն ու ներքին աշխարհը։ Սա գաղափար էր, որը Եվրոպայում ի հայտ է եկել դրանից ավելի քան 1000 տարի անց՝ Ռեֆորմացիայի ժամանակաշրջանում՝ 16-րդ դարում։

Հայերի անզուսպ պատասխանը, իհարկե, զայրացրել է Հազկերտին։ Նա մեկ այլ նամակ է ուղարկել, որով Հայաստանի աշխարհիկ և հոգևոր առաջնորդներին հրավիրում էր իր մոտ՝ հարցի հետագա քննարկումներին մասնակցելու։

449 թ. ամռանը հայերը հասան Տիզբոն՝ Պարսկաստանի մայրաքաղաք։ Այստեղ նրանց խաբեությամբ գերի վերցրին և բռնի ուժով դավանափոխ արեցին։ Սակայն Հայաստանում վաղուց արդեն գլուխ էր բարձրացրել մեծ դժգոհությունը պարսիկների նկատմամբ։

Դրա վառ ապացույցը պարսկական ջոկատի ջախջախումն էր, որն ուղեկցում էր հայրենիք վերադարձող դավանափոխ նախարարներին Անգղում։ Դրանից հետո բոլոր նախարարները վերադարձան իրենց իրական հավատքին։

Սկսվեց անկախ պետականությունը կորցնելուց հետո առաջին հայկական ապստամբությունը, որը մեծ ազդեցություն ունեցավ ժամանակակիցների ու հաջորդ դարերի նրանց սերունդների վրա։

Ապստամբները ղեկավար խորհուրդ էին ընտրել, որում ընդգրկված էին երկրի ամենաազդեցիկ դեմքերը՝ նախկին մարզպան Վասակ Սյունին, Վարդան Մամիկոնյանը, Վահան Ամատունին, Ներշապուհ Արծրունին, կաթողիկոս Հովսեփ I Վայոցձորեցին և այլք։

Կրկին Անգղում նրանք սուրբ երդում տվեցին՝ հավատարիմ մնալ ապստամբության գործին ու նպատակներին։ Քիչ ժամանակ անց արդեն զբաղված էին ստրատեգիական նշանակություն ունեցող բոլոր կետերը, ջախջախված ու երկրից աքսորված էին պարսիկների կայազորային ուժերը։ Հայաստանը լիակատար անկախություն էր ձեռք բերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել