Հարգելի գործընկերներ,
Վերջին օրերին հայաստանյան զանգվածային լրատվության միջոցներում հնչեղություն ստացած՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանի պաշտոնանկության վերաբերյալ լուրերը տարածվում են շատ անգամ իրարամերժ և անհասկանալի ձևակերպումներով, մի դեպքում նրան ազատում են աշխատանքից իր իսկ դիմումի համաձայն, մյուս դեպքում պարզվում է, որ Վահե Էլոյանը որևէ դիմում չի գրել, մեկ այլ դեպքում նրան նշանակում են նախարարի օգնական, ինչի մասին նա իմանում է մամուլից և այլն: 
Ուզում եմ փաստել, որ Վահե Էլոյանը աշխատանքից ազատման որևէ դիմում չի գրել, և շրջանառվող վարկածները չեն համապատասխանում իրականությանը: Ասեմ ավելին, որ ինձ համար կապ չունի, թե տվյալ պաշտոնյան որ նախարարության աշխատակից կամ որ կուսակցության ներկայացուցիչ է, բայց կարևոր է այնքանով, որ ոտնահարվել է քաղծառայողի իրավունքը, և ոտնձգություն է կատարվել քաղծառայության ինստիտուտի նկատմամբ: 
Իրականում սա կարող է հանդիսանալ որպես արատավոր նախադեպ այնպիսի կարևորագույն ինստիտուտի խարխլման համար, ինչպիսին քաղծառայությունն է:
Եթե կարելի է նախարարության աշխատակազմի ղեկավարին առանց սահմանված կարգի և իր գիտության ազատել աշխատանքից, ապա ի՞նչ իրավական պաշտպանվածության կամ աշխատանքային իրավունքների մասին կարող է խոսել շարքային քաղաքացին: Կարծում եմ ինչպես ես, այնպես էլ մեր հասարակությունը, կցանկանայինք իմանալ, թե ով է թյուրիմացության մեջ գցել ՀՀ կառավարությանը: Գուցե կլինեն նաև սղագրություններ ու տեսագրություններ կառավարության նիստից, քանի որ կարծում եմ՝ կառավարությունը Վահե Էլոյանի պաշտոնանկության հարցը չի քննարկվել և որոշել փակ ռեժիմով: Այս հարցում պետք է մտցվի հստակություն և այդ քայլը կարելի է անել մեկ ճանապարհով, դա կառավարության նիստի տվյալ հատվածի տեսագրության հրապարակումն է:
Շնորհակալություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել